ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կառավարությունը կփոխհատուցի մինչ 2023թ․ սեպտեմբերի 19-ը ՀՀ ուսհաստատություններում ընդգրկված ԼՂ ուսանողների ուսման վարձը

21.12.2023

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 21-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը։

Որոշման ընդունմամբ կապահովվի վերջիններիս կրթության շարունակականությունը:

2023թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերոնշյալ ուսանողները փաստացի զրկվել են ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կամ վճարման հնարավորությունից և չեն հանդիսանում պետական կրթաթոշակային ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշում): 

Նախատեսվող կարգավորումների համաձայն՝ մինչև բռնի տեղահանումը ԼՂ կողմից վարձավճարի փոխհատուցում ստացող, ինչպես նաև սեփական միջոցների (ընտանիքի) հաշվին արհեստագործական, միջին, բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, կլինիկական օրդինատուրայի վճարովի համակարգում ընդգրկված սովորողներին, որոնց  ընտանիքները 2023թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել են, կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ 2023-2024 ուսումնական տարվա համար հետևյալ չափերով և պայմաններով.

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից,

2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50%-ից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ նոր որոշման շահառուները մոտ 935 ուսանողներ են, որոնցից 860-ը բուհական և հետբուհական կրթության համակարգից են, 75-ը՝ ՄԿՈՒ ոլորտից:

«Այս որոշմամբ փոխհատուցվելու է 2023/24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը, ինչը կազմում է մոտավորապես 264 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության կարգով կհատկացվի այն ուսհաստատություններին, որոնցում սովորում են նշյալ խմբի ուսանողները»,- ասել է նա։

Նախարարը նաև հիշեցրել է, որ Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել էր սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ այդ խմբի ավելի քան 1800 ուսանող սովորում է ՀՀ բուհերում, իսկ ավելի քան 1100 ուսանող՝ քոլեջներում և ուսումնարաններում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ իր հերթին հայտնել է, որ 2023-24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը արդեն իսկ վճարած և այս աջակցության ծրագրի շահառու դարձած ուսանողների գումարը պետք է վերադարձվի։

Փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցները տրամադրվելու են ուսումնական հաստատություններին նվիրաբերության պայմանագրերի, իսկ լրացումների դեպքում՝ համաձայնագրերի հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի ներկայացրած անվանացանկերը:

Ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվելու է ուսման վարձի՝ սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցում, կհրապարակվի առաջիկայում։