ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր չափանիշներով․ ՀՀ կառավարությունը հաստատեց նոր կարգը

21.12.2023

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 21-ի հերթական նիստի ընթացքում զեկուցվող հարցերի փաթեթով քննարկեց և ընդունեց «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հարցը զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ներկայացված նախագծով հերթական որակական բարեփոխման քայլն է արվում գիտության ոլորտի զարգացման ուղղությամբ, որը ՀՀ կառավարության ծրագրի և քաղաքականության կարևոր թիրախներից է։

«Ինչպես գիտենք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն էր գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022թ․ հունվարի 1-ից, և դրա արդյունքով արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174%-ով 2024թ հունվարի 1-ի դրությամբ»,- ասաց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ աշխատավարձերի բարձրացումն իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին։

Ատեստավորման գործընթացը մինչ այս կարգավորվում էր ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշմամբ։ Վերջինս այլևս լիարժեքորեն չի համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չի սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ։

Ներկայացված նախագծով կառավարությունը հաստատեց գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության ու դրանց ղեկավարման պայմանների վրա։

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ այդ պայմաններն ամբողջությամբ համահունչ են մի կողմից գիտությունն և բուհական կրթությունը համադրելու ՀՀ կառավարության քաղաքականությանը, մյուս կողմից՝ գիտության միջազգայնացման քաղաքականությանը, ինչպես նաև գիտության ոլորտում պետություն-մասնավոր գործակցության խթանմանը, որովհետև դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության պահանջներից է նաև, որ այնտեղ չլինի միայն պետության մասնաբաժին, այլև հաշվի առնվի այլ ֆինանսավորման առկայությունը։

Վերանշյալից բացի՝ կարգով նկարագրվում են նաև յուրաքանչյուր տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունն ու հասարակությունը կարող են ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից։

Նախագծով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել ՀՀ-ում տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և նախագծով այդ պաշտոնների պահանջներին համապատասխանող աշխատողները իրենց կամքով։

«Սա հնարավորություն է ավելի բարձր պաշտոններում գտնվող և նախորդ տարիներին ձեռքբերումներ ունեցող կադրերի համար, որոնք կուզեն բվելի հանգիստ պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը»,- մանրամասնեց ԿԳՄՍ նախարարը։

Ատեստավորման ենթակա են դառնում նաև գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչ այժմ որևէ իրավական ակտով սահմանված չէին, և նրանց ներկայացվող պահանջները անորոշ էին։

Անդրեասյանը հավելեց, որ գիտաշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024թ․ համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար, իսկ ամբողջական ատեստավորումն այս մեխանիզմով կիրականացվի 2026թ․-ին, քանի որ նախորդը 2021թ․-ին է եղել, և 5-ամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում․ «Դա արդեն հիմք կհանդիսանա արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և ֆինանսավորման վերանայման համար»։

Որոշումը ուժի մեջ է մտնելու 2024թ․-ից, սակայն պարտադիր է լինելու 2026թ․-ից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչու պետք է գիտաշխատողը շահագրգռված լինի 2024թ․-ին ատեստավորումը անցնելու, ոչ թե 2026թ․-ին, նախարար Անդրեասյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ գիտաշխատողների համար միջազգային հեղինակության խնդիր կա, որովհետև այն պահանջները, որոնք սահմանված են, ամբողջության խարսխված են գիտնականների՝ նաև միջազգային շտեմարաններում ունեցած հրապարակումների, իրենց ուսանողների հետ գիտական աշխատանքների ու դրամաշնորհային ծրագրերի ղեկավարման վրա»։

Այս համատեքստում նախարարը նաև պարզաբանեց, որ քանի որ 2021թ․ ատեստավորման գործընթացով սահմանված է աշխատավարձի բարձրացման 5-ամյա շրջափուլ, սույն նախագծով սահմանված կարգով 2024թ․-ին ատեստավորում անցնել չցանկացող գիտաշխատողների աշխատավարձը և՛ 2024-ին, և՛ 2025-ին կբարձրացվի՝ համաձայն 2021-ին սահմանված գրաֆիկի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց, թե 2018թ․-ի համեմատ 2025թ․ հունվարի 1-ից որքանով են բարձրանալու գիտնականների աշխատավարձերը․ 

   - լաբորանտ-ճարտարագետ - 105%

   - ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ - 135%

   - կրտսեր գիտաշխատող - 145%

   - գիտաշխատող - 205%

   - ավագ գիտաշխատող - 246%

   - առաջատար գիտաշխատող - 288%

   - գլխավոր գիտաշխատող - 300%

   - գիտական խմբի ղեկավար - 217%

   - գիտական ստորաբաժանման ղեկավար - 238%

ԿԳՄՍ նախարարը նաև կարևոր համարեց այն, որ գիտաշխատողները այժմ ժամանակ ունեն պատրաստվելու 2026թ․ պարտադիր ատեստավորմանը, որովհետև բավական լուրջ որակական պահանջներ են դրված հոդվածների տպագրության, գիտական աշխատանքների և մյուս ուղղություններով․ «Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը նաև բավարար կլինի, որ համակարգը պատրաստվի որակական նոր ատեստավորմանը»։

Այս համատեքստում Անդրեասյանը նաև հայաստանյան գիտության միջազգային մրցունակության բարձրացումը ցույց տվող մի ցուցանիշ ներկայացրեց, ըստ որի՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանյան գիտական կազմակերպությունները 2014-2020թթ․ կարողացել են ստանալ ընդամենը 4,2 միլիոն եվրո այն պայմաններում, երբ Հայաստանը վճարել է 8,2 միլիոն եվրո անդամավճար, որից 5․1 միլիոնը՝ պետբյուջեից։ Իսկ վերջին տարիներին՝ 2021թ․-ից հետո, նույն ծրագրի շրջանակում արդեն 67 հայտ է ներկայացվել, որից 11-ը ընդունվել է, և արդեն 3․3 միլիոն եվրոյի դրամաշնորհ հայաստանյան գիտական կազմակերպությունները կարողացել են ստանալ, ընդ որում՝ կան ծրագրեր, որտեղ նրանք համակարգող են։

ՀՀ վարչապետն իր հերթին հույս հայտնեց, որ ատեստավորման հետագա փուլերում աշխատավարձերի բարձրացման շարունակական մեխանիզմ կներդրվի, որ գիտական գործունեությունը պատշաճ գրավչություն ունենա երիտասարդների և ոչ միայն երիտասարդների համար։

Կարգը՝ այստեղ