ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

22.04.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ - 2023» մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում՝ ՀՀ գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի համաձայն:

Դրամաշնորհները տրամադրվելու են 12 կամ 24 ամիս տևողությամբ՝ մինչև 10 անձից բաղկացած գիտական խմբերի: Պարտադիր պահանջ է խմբում առնվազն երկու երիտասարդի ընդգրկումը, վերջիններս կարող են լինել նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ:

Հայաստանյան գիտական խմբի տարեկան ֆինանսավորման առավելագույն ծավալը կազմում է 2 միլիոն 500 հազար ՀՀ դրամ, որի առնվազն 70 տոկոսը պետք է ուղղվի գործուղումներին: Գործուղումների համար նախատեսվող գումարը կարող է օգտագործվել ինչպես համագործակցող իտալական կազմակերպություն այցելության համար, այնպես էլ ՀՀ-ում՝ ներքին գործուղումների նպատակով:

Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է Գիտության կոմիտե, իսկ իտալական կողմը՝ ԱՀԽ:

Հայտը գնահատելիս, ի թիվս այլ չափանիշների, հաշվի են առնվելու Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման հեռանկարները, բարձր են գնահատվելու այն գիտական ծրագրերը, որոնք համապատասխանում ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի գերակայություններին և առավել հեռանկարային են շրջանակային ծրագրին ներկայացնելու տեսանկյունից:  

Հայտերի առցանց ընդունման վերջնաժամկետը 2022 թ. հունիսի 30-ն է:

 

Մրցույթի հրավերի փաթեթը