Կառավարությունը հաստատել է բուհերին և գիտական կազմակերպություններին նվիրաբերվող սարքերի բաշխման ցանկը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին սարքեր (սարքավորումներ) նվիրաբերելու և բաշխման ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին։
Այսպիսով, բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին են նվիրաբերվում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերված սարքերը/սարքավորումները՝ բաշխման ցանկին համապատասխան։
Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանների հիման վրա (2023թ․ մայիսի 15-ի N 691-Ա/2, 2023թ․ նոյեմբերի 7-ի N 2326-Ա/2) Կոմիտեի կողմից իրականացված գիտական կազմակերպությունների և բուհերի՝ ժամանակակից սարքերով վերազինելու միջոցառումների շրջանակում, ինչը թույլ կտա պատշաճ կերպով և ըստ նշանակության օգտագործել ձեռք բերված գույքը։ Գործընթացը կկրի շարունակական բնույթ. վերոնշյալ հրամաններով սահմանված մյուս սարքերը կփոխանցվեն շահառու կազմակերպություններին:
Գիտական ենթակառուցվածքների զարգացվածությունը, մրցունակ գիտական հետազոտությունների իրականացումը, եզակի գիտական սարքավորումների կիրառումը գիտական գործունեության մեջ նպաստելու են Հայաստանում գիտության զարգացմանը, գիտական միջավայրի արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների աճին։