Կառավարության նիստին հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող երկու նախագիծ
ՀՀ կառավարությունը հունվարի 23-ի նիստի ժամանակ հավանություն տվեց «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագծերին, որոնցից առաջինով առաջարկվում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները պատվիրակել գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերությանը (այսուհետ՝ ՋիԷմՓի), իսկ երկրորդով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման և տեղական գործընկերոջ կողմից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները ձեռք բերել «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։
Երկու որոշումների շրջանակներում գնման ընթացակարգի արդյունքում կնքվող՝ նախագծման ծառայությունների մասին պայմանագրերով վճարումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 32001 «Ակադեմիական քաղաքի նախագծման և կառուցման գործընթացների ապահովում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում։
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման աշխատանքներ
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով՝ որոշվել է Ակադեմիական քաղաքի համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները պատվիրակել ՋիԷմՓի-ին՝ հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում վերջինիս փորձը, հեղինակությունը, ինչպես նաև այն փաստը, որ ՋիԷմՓի-ն է մշակել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1841-Ա որոշմամբ հաստատված գնման ընթացակարգով պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգը։
Բացի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման աշխատանքներից, ՋիԷմՓի-ն համակարգելու է նաև․
- քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ մատուցող ընկերության,
- տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության,
- Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստող տեղական նախագծային կազմակերպության, և
- «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա աշխատող այլ խորհրդատուների աշխատանքը։
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման աշխատանքներ՝ տեղական գործընկերոջ կողմից
Տեղական գործընկերոջ կողմից իրականացման ենթակա աշխատանքների ապահովման նպատակով՝ որոշվել է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1841-Ա որոշման շրջանակներում ՋիԷմՓի ընկերությանը պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգի հիման վրա, ինչպես նաև վերջինիս հետ համագործակցությամբ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները պատվիրակել ոլորտի առաջատար կազմակերպությանը՝ «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ին՝ հաշվի առնելով, որ վերջինիս ներկայացրած գնառաջարկն այլ ստացված գնառաջարկի համեմատ ավելի ցածր է, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում (մասնավորապես՝ կրթության ոլորտում) քաղաքաշինական և ճարտարապետական նախագծման բնագավառում «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերության ներգրաված մասնագետների փորձն ու կատարած աշխատանքները։
Մասնավորապես, ընկերությունն իրականացրել է Գյումրիի Կումայրի պատմական թաղամասի գոտևորման (զոնինգ) և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի Գետափնյա թաղամասի գոտևորման (զոնինգ) և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծման աշխատանքները (Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանի Հանրապետությունում առաջին BREEAM սերտիֆիկացիա (կայուն կառուցապատման սերտիֆիկացիա) ստացած շենքն է), Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի և համայնքային կենտրոնի նախագծման աշխատանքները (Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը և համայնքային կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում առաջին LEED Silver սերտիֆիկացիա (կանաչ շենքերի սերտիֆիկացիա) ստացած նախագիծն է)։