ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կրթաթոշակային ծրագիր Ինդոնեզիայում

23.01.2024

Ինդոնեզիայի Հանրապետության կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարությունը հրավիրում է հայաստանյան ուսանողներին դիմելու "Kemitraan Negara Berkembang" (KNB) կրթաթոշակային ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա համար։ Այս մասին հայտնում են Կիևում Ինդոնեզիայի դեսպանությունից (հավատարմագրված է նաև ՀՀ-ում)։

Կրթաթոշակային ծրագրի շրջանակում Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում արտերկրի ուսանողներին՝ բարձրորակ կրթություն ստանալու երկրի 31 համալսարանների 1564 կրթական ծրագրերում։

Բակալավրիատի կրթական ծրագրի համար կարող են դիմել մինչև 21 տարեկան, մագիստրոսական ծրագրի համար՝ մինչև 35 տարեկան, դոկտորական կրթական ծրագրի համար՝ մինչև 40 տարեկան անձինք (ծրագրին դիմողը չպետք է ունենա տվյալ որակավորման աստիճանը)։

Դիմելու վերջնաժամկետը 2024թ․ փետրվարի 23-ն է։ Ընտրված դիմորդների հետ հարցազրույցի փուլը կանցկացվի մարտի 25-ից մայիսի 17-ը։ Հայտերի ամփոփումը տեղի կունենա հունիսի 10-ին, իսկ հունիսի 11-21-ը հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ դիմելու ծրագրին։

Այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք պաշտոնական կայք՝ https://knb.kemdikbud.go.id/