Կյանքից հեռացել է Տիգրան Կուրտիկյանը
Հայաստանի գիտական հանրությունը կորցրեց անվանի քիմիկոսի։ Սեպտեմբերի 21-ին, 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնի օպտիկական սպեկտրասկոպիայի փորձարանի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Ստեփանի Կուրտիկյանը։
Տիգրան Կուրտիկյանը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 20-ին Սալոնիկ քաղաքում։ 1964 թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո 1969-1971 թթ. դասախոսել է ֆիզիկայի ֆակուլտետում: 1972-1976 թթ. ուսումը շարունակել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Էլեմենտաօրգանական միացությունների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ և 1976 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1976-1979 թթ. աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում, իսկ 1979-2008 թթ. աշխատել է ԱՐԻԱԿ կիրառական քիմիայի հետազոտական ինստիտուտում՝ որպես անալիտիկ մեթոդների լաբորատորիայի վարիչ:
1994 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱ ՕԴՔԳՏԿ-ի ՄԿՈՒԿ-ի օպտիկական սպեկտրասկոպիայի լաբորատորիան:
Կուրտիկյանը բազմիցս ուսումնական և գործնական նպատակներով գործուղվել է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Եվրոպայի համալսարաններ, որտեղ իրականացրել է մի շարք համատեղ հետազոտություններ։
Կուրտիկյանը հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների, որոնցից շատերը տպագրվել են աշխարհում ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող քիմիական ամսագրերում, ինչպիսիք են՝ “Journal of American Chemical Society”, “Angewandte Chemistry International Edition”: Հրապարակել է տասնյակից ավելի հոդվածներ “Inorganic Chemistry” ամսագրում, հաղորդագրություններ “Chemical Communication”-ում և այլուր: Նա նաև «Оксиды азота и гем-модели: Мозаика взаимодействий» մենագրության հեղինակն է:
Կուրտիկյանը շահառու էր տարբեր միջազգային ֆոնդերի տասնյակից ավելի դրամաշնորհների (ISTC, INTAS, CRDF, NFSAT, IRES, ANSEF): Նա երկար տարիներ ընդգրկվում էր ՀՀ 100 արդյունավետ գիտաշխատողների շարքերում:
Կուրտիկյանի աշխատանքները զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել արտասահմանյան գիտական շրջանակներում:
Մեծ են Տիգրան Կուրտիկյանի ծառայությունները սպեկտրասկոպիայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են վեց թեկնածուական ատենախոսություններ:
Տիգրան Կուրտիկյանը 2005 թ. արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, իսկ 2009-ին՝ Հայկական համաշխարհային կոնգրեսի և Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի:
ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Տիգրան Կուրտիկյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին:
Տիգրան Կուրտիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 17.30-ին (հասցե՝ Նուբարաշենի փ. 46/2):