Համագործակցության հնարավորություններ Վարշավայի համալսարանի հետ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում




Նոյեմբերի 23-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հյուրընկալեց Լեհաստանի Հանրապետության Վարշավայի համալսարանի «Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն»-ի պատվիրակությունը՝ տնօրեն, պրոֆեսոր-էմերիտուս Յան Մալիցկու գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրենը ներկայացրեց Վարշավայի համալսարանի՝ 2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակները Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների համար, որոնք նախատեսված են մեծամասամբ հումանիտար և հասարակական գիտությունների, մասնավորապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և արդի իրավիճակի վերաբերյալ հետազոտությունների համար։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն անդրադարձավ Կոմիտեի միջազգային համագործակցության շրջանակին, հայ գիտնականների՝ միջազգային հետազոտական տարածքին ինտեգրման և արտերկրյա գիտնականների ներուժի ներգրավման առաջնահերթություններին, և այդ նպատակով ներկայումս իրականացվող ծրագրերի բովանդակությանը։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ակադեմիական և գիտական երկկողմ շարժունության խթանման, Կողմերի իրականացրած ընթացիկ ծրագրերի վերաբերյալ երկուստեք իրազեկության բարձրացման, գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համատեղ միջոցառումների, գիտաժողովների, քննարկումների իրականացման հնարավորությունները։