Ուշադրություն. կարգ է փոխվել
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2023 թ. հունվարի 23-ի N 02-Ա/Ք հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարները կազմակերպություններին տրամադրելու նոր կարգ:
Նոր կարգով գիտական և գիտատեխնիկական գործունեության շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, նպատակային ծրագրեր իրականացնող կազմակերպությունները մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա հունվարի 25-ը Գիտության կոմիտեի orgs.scs.am/ առցանց համակարգ մուտք են անում հունվար ամսվա դրությամբ ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալները: Մուտքագրված տվյալների հիման վրա ձևավորված հավելավճարների տրամադրման հայտը և հանձնարարության պայմանագիրը համակարգից ներբեռնվում և մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա հունվարի 31-ը ներկայացվում է Գիտության կոմիտե:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) թեմաներ իրականացնող կազմակերպությունները հայտը (հավելված 1) և պայմանագիրը (հավելված 2) կոմիտե են ներկայացնում թղթային տարբերակով՝ մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա հունվարի 31-ը՝ ձևաթղթերը ներբեռնելով կոմիտեի կայքի «Գիտական գործունեություն» բաժնի համապատասխան ենթաբաժիններից:
Նոր կարգով փոփոխվել են նաև ծրագրերում/թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների հավելավճարների տրամադրման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները (հավելված 1) կոմիտե ներկայացնելու ժամկետները: