ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

24.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում:

Այս տարի առաջին անգամ միասնական քննություններն անցկացվել են երկու փուլով, որը ընդունելության համակարգի բարելավմանը միտված քայլ է և հավելյալ հնարավորություն դիմորդի համար։ «Երկրորդ փուլից հետո կարվեն համապատասխան վերլուծություններ՝ հասկանալու, թե այս ձևաչափը որքանով է արդյունավետ, և ինչ լրամշակումների կարիք կա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում ևս այս հարցը կդիտարկվի։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերում արված փոփոխություններին, համաձայն որոնց՝ կրճատվել են բուհերին հատկացված տեղերը՝ ըստ լիցենզիայի պահանջների՝ առաջնահերթությունը տալով առավել թիրախային մասնագիտություններին: «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է լիազորող նորմ՝ լիցենզիոն տեղեր տրամադրելիս, որպես պարտադիր պայման, լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը՝ հաշվի առնելով մասնագիտության ուսուցման ստանդարտները, որոնք ևս անհրաժեշտ է սահմանել: Սա, նախարարի ընդգծմամբ, նոր որակ է ապահովելու բուհերի համար:

Անդրադարձ է եղել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով ակադեմիական տարկետման հնարավորություններին: «Կառավարության՝ ԲՏՃՄ ուղղություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծն արդեն իսկ շրջանառվում է: Հաստատումից հետո ունենալու ենք 2-րդ փուլով որոշում, որով կհաստատվեն մասնագիտությունների ցանկերն ու կրթական ծրագրերը, որոնցով տարկետման տրամադրումը հնարավոր է լինելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Կառավարության որոշմամբ կկարգավորվեն տարկետման ընթացակարգը, ինչպես նաև մասնագիտությունների և բուհերի ցանկը։

Քննարկվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու հարցը: Նախարարի գնահատմամբ՝ նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

 

Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից