Հայ պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) զբաղեցրել են պատվավոր 4-րդ մրցանակային տեղը
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) ս.թ. մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը», Differentiation of Scents and Gases Using Neural Network) հետազոտական նախագիծը։
Մայիսի 21-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները, և հայ պատանիները հաղթող են ճանաչվել Embedded systems («Ներկառուցված համակարգեր») անվանակարգում՝ ներկայացված 35 նախագծերի մեջ գրավելով 4-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ, այս տարի ISEF փառատոնի 21 անվանակարգերում ընդգրկված էին աշխարհի ավելի քան 50 երկրներից մոտ 1300 մասնակիցներ:
ISEF Regeneron փառատոնին մասնակցելու հնարավորություն էին ստացել 2021 թ. ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում առավելագույն միավոր ստացած 2 հետազոտական խմբերը՝ «Քվանտ» վարժարանի և 118 ավագ դպրոցի սաները: Վերջիններս (Աննա Թորոսյան, Անի Գեղամյան և Աննա Ղազարյան) ևս հաջող կերպով ներկայացրել են իրենց «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտական նախագիծը ISEF-ի շրջանակներում:
Ի դեպ, Հայկական համադպրոցական գիտության փառատոնը անդամակցում է Միջազգային գիտատեխնիկական փառատոնին 2019 թվականի վերջից, սակայն 2020 թ. կորոնավիրուսային հիվանդության սահմանափակումների պատճառով անհնար է դարձել փառատոնի իրականացումը Հայաստանում: Այսպիսով, սա հայ աշակերտների առաջին մասնակցությունն է 100 տարվա պատմություն ունեցող միջազգային հեղինակավոր փառատոնին:
Հաղթող խմբի և նախագծի մասին ավելի մանրամասն՝