ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին․ նախագիծ

24.06.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել ՀՀ քաղաքացիներին, որոնք սովորում են օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Վերջինները ընդգրկված պետք է լինեն աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհի ցանկում՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին 75 բուհի ցանկում՝ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։

Կրթաթոշակ կարող է տրամադրվել լրիվ բեռնվածությամբ և առկա ուսուցմամբ սովորող կամ դիմորդ հանդիսացող ՀՀ քաղաքացուն, եթե նրա նեկայիս կամ ապագա գործատուն իրականացնում է ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցում։ Պետությունը կրթաթոշակը տրամադրում է գործատուի փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։

Կարգում ամրագրվում է նաև, որ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո աշխատանքի անցնելու կամ շարունակելու հանձնառության պայմանագիր, որը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո: 

Եվ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ տվյալ հաստատությունում ուսումնառությունը կիսատ է թողնում, գործատուն ՀՀ պետական բյուջե է փոխանցում հրաժարագին՝ պետության տրամադրած ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի աշխատաշուկան նոր, մրցունակ կադրերով ապահովելու գործընթացին։

«Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 12-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7381 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):