ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարվել է «Արցախի հետ համագործակցության ծրագիր - 2021» մրցույթ

24.09.2020

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է «Արցախի հետ համագործակցության ծրագիր - 2021» ՄՐՑՈՒՅԹ:

Սա թվով 5-րդ մրցույթն է, որն անցկացվում է Գիտության կոմիտեի և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև 2009 թվականի նոյեմբերի 15-ին կնքված «Գիտատեխնիկական ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում։

Կոմիտեն բնական գիտությունների բնագավառում «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ» և «Կենսաբանական գիտություններ» մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 12 կամ 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրի 3-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին:

Մրցույթի հրավերով նախատեսված հիմնական պայմաններից են`

-  խումբը պետք է ունենա գիտական խորհրդատու, որն ունի գիտական աստիճան, Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ է և թեմայի իրականացման ընթացքում բնակվելու է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառում ունի ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրապարակված առնվազն երկու գիտական հոդված,

-  խմբի ղեկավարը և կատարող(ներ)ը պետք է հանդիսանան Արցախի Հանրապետության մշտական բնակիչներ և թեմայի իրականացման ընթացքում բնակվեն Արցախի Հանրապետությունում,

- խմբում պետք է ընդգրկվի մինչև 35 տարեկան առնվազն մեկ կատարող` ասպիրանտ, մագիստրոս, դիպլոմավորված մասնագետ կամ մագիստրատուրայի ուսանող, ում 35 տարին չի լրացել մինչև Հայտերի ներկայացման վերջնաժամկետը:

Թեմայի ավարտին ակնկալվող վերջնարդյունքն է` խմբի անդամների (այդ թվում` ղեկավարի) կողմից տվյալ ծրագրի շրջանակներում առնվազն մեկ գիտական հոդվածի հրապարակումը «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման առաջին, երկրորդ կամ երրորդ (Q1, Q2, Q3 quartile) քառորդում ընդգրկված ամսագրերում (https://www.scimagojr.com/journalrank.php

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2021 թվականի փետրվարի 1-ը:

Մրցույթի հայտարարությունը և հրավերի փաթեթը ներկայացված են հետևյալ հղումով՝ http://scs.am/am/24-09-2020: