ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հուշագիր՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-վրացական համագործակցության մասին

24.10.2022

Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի և  Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» մտադրությունների հուշագիր:

Հուշագրի նպատակն է ձևավորել և ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների և գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր, գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտական ենթակառուցվածքների փոխադարձ օգտագործում և այլն: Կողմերը կհամագործակցեն նաև միջազգային տարբեր հարթակներում ներկայանալու հարցում, մասնավորապես, նախատեսվում է մշակել համատեղ առաջարկներ՝ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին համատեղ մասնակցելու նպատակով:

Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի տնօրենության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Հուշագիրն ստորագրվել է Թբիլիսիում, որտեղ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով տնօրենության հրավերով մասնակցում էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետազոտությունների և նորարարության հարցերով ոչ պաշտոնական աշխատանքային խմբի 4-րդ հանդիպմանը: