Կստեղծվի նոր համատեղ լաբորատորիա
Oգոստոսի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին:
Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիան ստեղծվելու է ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի և ՀԱԷԿ-ի Արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիայի ռեսուրսների օգտագործմամբ` միջուկային ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության բնագավառներում իրականացվող գիտական և գիտակրթական աշխատանքների համատեղման, նշված բնագավառներում ՀՀ-ում կատարվող հետազոտությունների համակարգման, դրանց արդյունավետության ու միջազգային ճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով:
Լաբորատորիայի գործունության հիմնական ուղղությունները կլինեն միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննությունը, հսկողությունից կամ գործածությունից դուրս գտնվող ռադիոակտիվ աղբյուրների որոնումը, հայտնաբերումը և վնասազերծումը, ՀՀ-ում միջուկային էներգետիկայի հեռանկարային զարգացման գիտական և գիտատեխնիկական վերլուծությունը, հանրապետության տարածքում ռադիոակտիվ թափոնների վերամշակման և երկարաժամկետ պահման հետ կապված հարցերի միջազգային փորձի վերլուծությունը, միջուկային փորձաքննության միջազգային տեխնիկական աշխատանքային խմբի աշխատանքների մասնակցությունը և այլն:
Լաբորատորիայի հիմնական խնդիրներից են միջուկային ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության բնագավառներում գիտական, գիտատեխնիկական և գիտակրթական ծրագրերի մշակումը և իրականացումը, ուսումնական ծրագրերի մշակումը և ներդրումը, գիտական և գիտակրթական դրամաշնորհային նախագծերի պատրաստումը և իրականացումը, գիտաժողովների, երիտասարդական դպրոցների և գիտական այլ միջոցառումների կազմակերպումը:
Լաբորատորիան գործելու է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, սակայն գիտական, գիտատեխնիկական և գիտակրթական գործունեություն իրականացնելու նպատակով լաբորատորիայի նյութատեխնիկական բազան հասանելի կլինի ՀՀ գիտական կազմակերպությունների ու բուհերի համար, այդ թվում` ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտական կազմակերպությունների, Երևանի պետական համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի:
Հուշագրի կնքման համար հիմք է հանդիսացել 2017 թվականի փետրվարի 22-ից 23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում միջուկային փորձաքննության հայաստանյան և ամերիկյան փորձագետների միջև կայացած հանդիպման արձանագրությունը: