Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել է 10-օրյա ամառային դպրոց, որը հնարավորություն կտա ոլորտի նորեկներին, տարբեր թանգարաններում արդեն իսկ աշխատող երիտասարդ վերականգնողներին հմտանալու հնագիտական գտածոների վերականգնման բնագավառում, ինչպես նաև զուտ գործնական դասընթացների միջոցով յուրացնելու համապատասխան գիտելիքներ, ձեռք բերելու մասնագիտական փորձ։ Ամառային դպրոցին կարող են դիմել նաև ուսանողներ, որոնք հետաքրքրված են ոլորտով։ Ծրագրի հիմնանպատակն է դասընթացների և գործնական աշխատանքների միջոցով ձևավորել համապատասխան նախադրյալներ, մասնագիտական միջավայր, ինչպես նաև մեթոդական ծրագրեր, որոնք կարող են հիմք դառնալ առաջիկայում վերականգնողի մասնագիտական դպրոցի կայացման համար։
Դասընթացներն իրականացվելու են ս.թ. օգոստոսի 15-25-ը կազմակերպության հնագիտական գտածոների վերականգնման վերջին սերնդի նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիայում (հասցե՝ ք. Երևան, Թաիրով 9): Դասախոսների շարքում են հայաստանյան և ռուսաստանյան տարբեր հաստատությունների բարձրակարգ մասնագետներ։
Ամառային դպրոցին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն (էլ. փոստ՝ armheritage@gmail.com) մինչև ս.թ. օգոստոսի 12-ը ներառյալ։