Ազդարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի 2021 թ. մրցույթի մեկնարկը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) ընդունում է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի (MSCFP) 2021 թ. մրցույթի հայտերը։ Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում:
Նախորդ տարվա նոյեմբերին Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակներում կրթաթոշակ է տրամադրվել 100 կին դիմորդի:
Այս անգամ մրցութային կարգով ընտրված կին դիմորդներին 2021/2022 և 2022/2023 ուսումնական տարիների ընթացքում տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ՝ աշխարհի տարբեր հավատարմագրված բուհերում միջուկային հետազոտությունների ոլորտում մագիստրոսական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։ Հայտերի ընտրության ընթացքում հաշվի են առնվելու մի շարք չափանիշներ, ինչպես օրինակ, ուսումնասիրության ոլորտը, լեզվական բազմազանությունը և աշխարհագրական ընդգրկունությունը, ինչպես նաև նախկինում ԱԷՄԳ-ից աջակցություն ստանալու հանգամանքը:
Բացի կրթաթոշակից, մրցույթի շահառուները հնարավորություն կունենան մասնակցելու նաև ԱԷՄԳ կազմակերպած փորձնակության ծրագրին (ինթերնշիփ):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ սեպտեմբերի 30 է։ Կրթաթոշակին դիմելու կարգը, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ www.iaea.org/MSCFP։