ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոր մրցույթ. կֆինանսավորվեն գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրեր

25.11.2022

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ՝ ուղղված ՀՀ  պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող երիտասարդ գիտական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացմանը:

Մրցույթի նպատակներն են.

-          աջակցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը,

-          երիտասարդ հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն,

-          օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, 

-          նպաստել երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային  հետազոտական տարածքում,

-          օգտագործել Սփյուռքի ներուժը,

-          նպաստել գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը:

Մրցույթին հայտեր կարող են ներկայացնել 1988 թ. հունվարի 1-ից հետո ծնված հայցորդներն ու ասպիրանտները (PhD՝ խումբ 1) և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երիտասարդ գիտնականները (խումբ 2՝ PostDoc): Վերապատրաստման ծրագրի տևողությունը կարող է լինել 3-ից մինչև 12 ամիս:

Մրցույթի շահառուներին որպես վերապատրաստման վճար նախատեսվում է ամսական տրամադրել 1-ին խմբի պարագայում՝ մինչև 800.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ), 2-րդ խմբի պարագայում՝ մինչև 900.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ): Ամսական վարձատրությունից բացի` շահառուները կարող են ստանալ նաև մինչև 1.000.000 ՀՀ դրամ՝ արտերկիր մեկնելու և վերադառնալու ծախսերի համար (վիզա, ճանապարհածախս, ապահովագրություն և այլն):

Ծրագրին դիմելու վերջնաժամկետներն են 2023 թ. հունվարի 27-ը և 2023 թ. հուլիսի 28-ը: