Հայկական համադպրոցական գիտության երրորդ փառատոնի մրցանակակիրները հայտնի են
Մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքներն ամփոփվել են մասնագիտական ժյուրիի կողմից:
Միջազգային գիտության փառատոններին մասնակցության համար երաշխավորվել են 4 նախագիծ: «Այբ» դպրոցից ներկայացված «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծը» կմասնակցի մայիսի 14-19-ը ԱՄՆ-ում կայանալիք Regeneron “International Science and Engineering Fair (ISEF)” – 2023 միջազգային փառատոնին: Երեք նախագիծ կմասնակցի սեպտեմբերին Բելգիայի թագավորությունում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) – 2023 փառատոնին: Եվրոպական մրցույթին մասնակցելու համար երաշխավորվել են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «Բուսական պոլիֆենոլները որպես բնական կոնսերվանտներ», Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից՝ «Ջրածնի այլընտրանքային արտադրություն» և Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց «Տատանում գրանցող և ճանաչող օպտիկական գերզգայուն սարք» նախագծերը:
Բավականին բարդ ընտրության արդյունքում ժյուրին առանձնացրել է տարբեր անվանակարգերի մրցանակակիրներին՝ 2 նախագիծ՝ մաթեմատիկա և ծրագրավորում, 3 նախագիծ՝ ֆիզիկա և աստղագիտություն, 4 նախագիծ՝ քիմիա, 6 նախագիծ՝ կենսաբանություն և 2 նախագիծ՝ հասարակական գիտություններ անվանակարգերից: Մեկ նախագիծ արժանացել է ISEF Community Innovation Award – 2023 մրցանակի, իսկ 12 նախագիծ՝ խրախուսական մրցանակի: