ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոր մրցույթ՝ ուղղված գիտական նախագծերի իրականացման արդյունավետության խթանմանը

26.03.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։

Այն նպատակ ունի.

√ բարելավել գիտական արդյունքների որակը,

√ նպաստել գիտական գործունեության արդյունքների միջազգայնացմանը,

√ բարձրացնել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ,

√ նպաստել նոր գիտական խմբերի ձևավորմանը և գործող գիտական խմբերի ամրապնդմանը՝ ներգրավելով սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը։

Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ՝ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ նախագծեր։

Խմբի ղեկավար կարող են լինել 1954թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող անձինք։ 

Եթե խմբի ղեկավարը ընդգրկված է ՀՀ պետբյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման որևէ ծրագրում, ապա հայտ պետք է ներկայացնի բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող որևէ կազմակերպության կողմից։

Խմբի անդամները կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, սակայն, նախագծի իրականացման ընթացքում նրանք պետք է բնակվեն ՀՀ-ում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ։

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989թ․ հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ: 

Խումբը նաև պետք է ունենա գիտական աստիճան ունեցող, նախագծին առնչվող մասնագիտությամբ արտերկրի որևէ հետազոտական կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող արտասահմանյան գործընկեր, որի համար վարձատրություն նախատեսված չէ։

Բացի այդ, նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում գործընկերը և խմբի անդամները պետք է գումարային առնվազն 20 օր գտնվեն խմբի ղեկավարի կամ գործընկերոջ կազմակերպությունում:

Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թմայիսի 17-ն է: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Թղթային տարբերակով Կոմիտե ներկայացվող փաստաթղթերի վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 24-ն է:

Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի հունվար ամսից։

Մրցույթի հրավերի փաթեթը