ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Լուսաբանման հրավեր. «Հայաստան-Գերմանիա գիտության օր»

26.06.2024

Հունիսի 27-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի պետական համալսարանում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ, Գիտական խորհրդի նիստերի դահլիճ) տեղի կունենա «Հայաստան-Գերմանիա գիտության օր» խորագրով երկօրյա միջոցառման բացումը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի ամփոփելու վերջին տարիներին գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հիմնական ձեռքբերումները, քննարկելու հետազոտությունների, տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում երկկողմ համագործակցային կապերի խորացման և ընդլայնման հնարավորությունները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության գծով վարչության պետ Ֆլորիան Ֆրանկը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության պատվիրակության հետ Հայաստան են ժամանելու նաև ԳԴՀ-ում գործող մի շարք անվանի գիտական կազմակերպությունների և հիմնադրամների (Հետազոտությունների գերմանական հիմնադրամ, Հելմհոլց և Լայբնիցի ասոցիացիաներ, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամ, Մյունխենի տեխնիկական համալսարան - միջազգային ընկերություն և այլն) ներկայացուցիչներ: Նախատեսվում են քննարկումներ հետևյալ թեմաներով՝ հետազոտությունների ու նորարարությունների զարգացման ՀՀ գերակայությունները, Գերմանիան՝ որպես հետազոտությունների ու նորարարությունների ոլորտում միջազգային գործընկեր, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցում, նորարարություններ, ֆինանսավորման հնարավորություններ: