Ինչ փոփոխություններ են նախատեսվում գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերում

Փետրվարի 13-ին ՀՀ կառավարության N 156-Ն որոշմամբ հաստատվեցին Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը, որոնք եկել են փոխարինելու ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի N 1121-Լ, N 1122 և N 1123 որոշմամբ հաստատված կարգերը։
Կառուցվածքային առումով նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։
Բովանդակային առումով նոր կարգերում նախատեսվել են արդյունքահեն ֆինանսավորման համակարգի ներդրմանը, գիտահետազոտական ոլորտում միջգերատեսչական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը և փորձաքննության ավելի հստակ մեխանիզմների սահմանմանն ուղղված մի շարք դրույթներ, որոնք համահունչ են գիտության ոլորտում ՀՀ Կառավարության որդեգրած բարեփոխումների և միջազգային մրցունակության բարձրացման տրամաբանությանը։
Ստորև առանձին անդրադարձ կկատարենք յուրաքանչյուր կարգում տեղ գտած առանցքային փոփոխություններին։
1. Բազային ֆինանսավորում․ կատարողականի վրա հիմնված մեխանիզմ և գիտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված նոր ծրագիր
Բազային ֆինանսավորումը հատկացվում է ՀՀ գիտական պետական կազմակերպություններում ու բուհերում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի` կազմակերպության կենտրոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների պահպանման ու զարգացման և գիտական հետազոտությունների ու մշակումների իրականացման, ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաuտման նպատակով։
- Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմ
Նոր կարգով սահմանվող առանցքային մեխանիզմներից է կատարողականի վրա հիմնված ֆինանսավորումը՝ հստակ սահմանված ծրագրով և չափելի նվազագույն վերջնարդյունքներով, ինչը թույլ կտա ավելի թափանցիկ և արդյունքահենք դարձնել կազմակերպություններին տրվող բազային ֆինանսավորումը։
Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման արդյունքում գիտական կազմակերպությունները դասակարգվելու են` ըստ 5 կատեգորիաների` գերազանց, լավ, բավարար, ցածր և ոչ բավարար արդյունավետությամբ աշխատող։
Նշված գնահատման արդյունքում, առաջին և երկրորդ (գերազանց և լավ) կատեգորիայի կազմակերպությունների ֆինանսավորումը կարող է ավելանալ, համապատասխանաբար, մինչև 20 և 10 տոկոսով:
Բավարար արդյունավետություն ցուցաբերած կազմակերպությունների ֆինանսավորումը կմնալ նույնը, իսկ ցածր արդյունավետությամբ աշխատելու պարագայում՝ կկրճատվի 10 տոկոսի չափով։
Ոչ բավարար արդյունավետության պարագայում, երբ չեն ապահովվել նվազագույն վերջնարդյունքները, ծրագրի՝ որպես առանձին միավորի հետագա ֆինանսավորումը կարող է դադարեցվել։
Միաժամանակ, ծրագրերի երկարաժամկետ կայունության ապահովման նպատակով՝ բազային ֆինանսավորման հայտերի տևողությունը հնարավոր է նախատեսել մինչև հինգ տարի ժամկետով, որի ընթացքում առնվազն մեկ անգամ ծրագիրը գնահատվում է՝ ըստ կատարողականի։
Աշխատանքի արդյունավետության փոխկապակցվածությունը կազմակերպության ֆինանսավորմանը ոչ միայն թույլ կտա ավելի արդյունավետ բաշխել ռեսուրսները, այլ նաև խստացնել կազմակերպությունների պատասխանատվությունը՝ պայմանագրով նախանշված վերջնարդյունքների իրականացման համար։
- Կազմակերպության կատարողականի գնահատման ընթացակարգը և չափանիշները
Կատարողականի գնահատման նպատակով ԿԳՄՍ նախարարի կողմից ձևավորվում է մասնագիտական փորձագիտական խորհուրդ, որը ուսումնասիրում է կազմակերպության նախորդ հինգ տարվա հաշվետվությունները։ Անհրաժեշտության դեպքում, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետև՝ Կոմիտե) կարող է կազմակերպությունից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեթոդաբանությունը հաստատվում է ԿԳՄՍ նախարարի կողմից՝ Կոմիտեի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ առաջարկությունների հիման վրա՝ սահմանելով գնահատման չափանիշները, յուրաքանչյուր չափանիշի առավելագույն գնահատականը, կատեգորիաների շեմային միավորներն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի և մասնագիտության։
Գնահատման համար հիմք են հանդիսանալու․
- կազմակերպության գիտաչափական տվյալները,
- հաշվետվության գիտական փորձաքննության արդյունքները,
- կադրային ներուժը,
- միջազգային համագործակցությունը,
- ենթակառուցվածքի հագեցվածության աստիճանը,
- գիտական դրամաշնորհները,
- ներպետական և միջազգային համագործակցությունն արդյունաբերության հետ,
- գիտական ուղղությունների համապատասխանությունը գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ,
- ինովացիոն գործունեությունը,
- սոցիալ-տնտեսական ազդեցությունը,
- գիտակրթական տարածք ինտեգրվելու մակարդակը (ներպետական և միջազգային), ինչպես նաև
- կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության առանձնահատկություններից բխող այլ չափանիշներ։
- Բազային ֆինանսավորման ծրագրերի հայտերի տեսակները
Նախկին կարգով նախատեսված չորս ծրագրերը մեծամասամբ վերաբերում էին եղած ենթակառուցվածքների պահպանմանը, գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդին, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններին և նոր գիտական կադրերի պատրաստմանը։
Մինչդեռ, եղած ենթակառուցվածների պահպանմանը զուգահեռ՝ նոր կարգում առկա է նաև գիտական կենտրոնները և ստորաբաժանումները նոր և ժամանակակից սարքավորումներով վերազինելուն ուղղված ծրագիր։
Փոփոխվել է նաև բազային ֆինանսավորման ծրագրերի տեսակների քանակը․ այժմ չորսի փոխարեն նախատեսվում է հինգ ծրագիր․
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր՝ ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.
2) ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման ծրագիր՝ ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.
3) հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիր.
4) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր.
5) կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի զարգացման ծրագրեր՝ միտված կազմակերպությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելուն։
- Լրացուցիչ ֆինանսավորում՝ գիտական կադրերի պատրաստման համար
Բացի այդ՝ նախկինում նախատեսված և փաստացի չգործող ծրագրի փոխարեն, նոր կարգի միանգամից 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսվող հայտերում կարող է ներառվել նաև լրացուցիչ ֆինանսավորում՝ գիտական կադրերի պատրաստման համար, ինչը թույլ է տալիս համատեղել գիտական կադրերի պատրաստումը հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերի հետ։
- Հայտի ներկայացման և գնահատման գործընթացի հստակեցում
Նոր կարգում հստակեցվել է ամբողջ ծրագրային հայտերի ներկայացման, քննարկման, պայմանագրերի կնքման, հաշվետվությունների ընդունման և արդյունքների գնահատման ողջ ընթացակարգը։
Սահմանվում են 1-4 ենթակետերով նախատեսվող հայտերի քննարկման համար կոմիտեի նախագահին կից աշխատանքային խմբի, 5-րդ ենթակետով նախատեսվող հայտերի ընտրության համար ձևավորվող մրցութային հանձնաժողովի, ծրագրերը հաստատելու և ֆինանսական ծավալները որոշելու նպատակով ձևավորվող միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթները և իրավասության շրջանակները։
2․ Նպատակային-ծրագրային ֆինանսավորում․ գիտատեխնիկական պետական պատվերի նոր ձևաչափ
Նպատակային-ծրագրային ֆինանսավորումն իրականացվում է պետական այլ մարմինների կողմից առաջադրված ծրագրային առաջարկների հիման վրա՝ մրցութային հիմունքներով, և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը։
- Ավելի արդյունավետ միջգերատեսչական փոխգործակցություն և պետության ռազմավարական առաջնահերթությունների հետ կապի ապահովում
Նոր կարգի շրջանակներում ՀՀ պետական մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը սահմանված ձևաչափով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե են ներկայացնում իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային ծրագրերի անվանումները և առաջարկությունների հակիրճ նկարագրությունը:
Այս կարգավորման շնորհիվ՝ հնարավոր է դարձել նախատեսել գիտական հետազոտությունների ոլորտում պետական պատվերի ավելի գործուն մեխանիզմ։
- Ֆինանսավորման առավել մրցակցայինհամակարգ
Ստացված նպատակային ծրագրերի առաջարկները քննարկելու, լրամշակելու և ցանկ ձևավորելու կամ համալրելու նպատակով կոմիտեն ստեղծում է աշխատանքային խմբեր՝ տվյալ ոլորտի գիտական աշխատողների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ բացառելով շահերի բախումները։
Հաստատված ցանկերի հիման վրա ԿԳՄՍՆ նախարարի հրամանով հայտարարվում է նպատակային-ծրագրային ֆինանսավորման մրցույթ, որին կարող են ներկայացվել մինչև հինգ տարի ժամկետով հայտեր։ Վերջիններիս փորձաքննությունը ապահովում է կոմիտեի կողմից ձևավորված մասնագիտական փորձագիտական խորհուրդը։
Հայտերի մեջ պարտադիր նշվում են ակնկալվող արդյունքները և դրանց կիրառելիությունը պետական կարիքների համար։
- Պետական մարմինների առաջադրած ծրագրերի ցանկից դուրս հայտերի ներկայացում
Եթե մրցույթին ներկայացված հայտը ներառված չէ ցանկում, ապա հայտի հետ պետք է ներկայացվի նաև առնվազն մեկ պետական մարմնի պաշտոնական գրություն իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային հայտի նպատակահարմարության վերաբերյալ։
Այս փոփոխությունը ենթադրում է, որ պետական պատվերով հետազոտությունների առաջարկները կարող են ներկայացվել ոչ միայն այլ գերատեսչությունների կողմից՝ գիտաշխատողներին, այլ նաև գիտաշխատողների կողմից՝ գերատեսչություններին։
- Հաշվետվողականության ավելի խիստ սկզբունքներ՝ նախանշված վերջնարդյունքների չապահովման համար սահմանված պատասխանատվությամբ
Նպատակային ծրագիրն իրականացնող կազմակերպությունը սահմանված ընթացակարգով Կոմիտե է ներկայացնում նպատակային ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը տրամադրում է խորհրդի քննարկմանը։
Վերջինս եռամսյա ժամկետում տալիս է եզրակացություն՝ նպատակային ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվությունների վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում իրականացվող նպատակային ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու համար, իսկ ավարտվող նպատակային ծրագրերի պարագայում՝ ամփոփիչ հաշվետվությունն ընդունելու համար։
Խորհրդի եզրակացությունը հիմնված է գիտական ծրագրի իրականացման արդյունքում նախանշված վերջնարդյունքները ապահովելու կամ չապահովելու հանգամանքի վրա։
3․ Գիտական դրամաշնորհային ֆինանսավորում․ փորձաքննության մեխանիզմների հստակեցում
Դրամաշնորհային ֆինանսավորումն ուղղված է գիտական հետազոտությունների կամ գիտատեխնիկական մշակումների հանգեցնող, գիտնականների և հետազոտական խմբերի նախաձեռնությամբ հետազոտական նախագծերի իրականացմանը։
- Դրամաշնորհային ծրագրերի իրականացման միասնական սկզբունքներ
Մանրամասն սահմանվել են դրամաշնորհային հայտերի ներկայացմանը, փորձաքննության փուլերին և չափանիշներին, նածագծերի ֆինանսավորման հաստատմանը, նածագծերի իրականացման վերաբերյալ հաշվետվողականությանը և վերջինիս հիմքով նախագծի ընթացքի շարունակման և դադարեցմանը վերաբերող մեխանիզմները։
- Որակավորման հստակ պահանջներ
Համաձայն նոր կարգի՝ փորձաքննության ժամանակ գնահատվում են հետևյալ չափանիշները․
- հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը,
- գիտական խմբի ղեկավարի և անդամների ձեռքբերումները տվյալ բնագավառում և նրանց մասնագիտական որակավորման համապատասխանությունը,
- երիտասարդ (մինչև 35 տարեկան) մասնագետների ընդգրկվածությունը,
- հետազոտական նախագծի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները,
- պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և այլ հարցեր:
- Հաշվետվողականության խստացում
Գիտական թեմայի ընթացիկ (տարեկան) հաշվետվությունները Կոմիտե են ներկայացվում իրականացման ժամկետի սկզբից հաշված յուրաքանչյուր 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, եթե մրցույթի հրավերի փաթեթով այլ պայմաններ նախատեսված չեն:
Կոմիտեն այդ հաշվետվությունները ներկայացնում է հանձնաժողով, որը 15-օրյա քննարկման արդյունքում ներկայացնում է հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման նպատակահարմարության կամ դադարեցման մասին առաջարկություն:
Հանձնաժողովի եզրակացության համար պետք է հիմք հանդիսանա նախագծով նախատեսված գիտական ծրագրի իրականացման արդյունքում նախանշված վերջնարդյունքները հետազոտական խմբի կողմից ապահովելու կամ չապահովելու հանգամանքը, որը կարող է ազդել հետագայում խմբի անդամների կողմից ներկայացված հայտերի փորձագիտական գնահատականի վրա։
Փոփոխությունների ընդհանուր տրամաբանությունը՝ երեք նոր կարգերում
- Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման ավելի երկարաժամկետ, թափանցիկ և արդյունահենք բաշխման մոդել,
- Առավել արդյունավետ աշխատող գիտական խմբի/կազմակերպությունների համար խրախուսման ավելի լայն մեխանիզմներ՝ընդհուպ մինչև ծրագրի ֆինանսավորման ավելացում,
- Սահմանված նվազագույն վերջնարդյունքի չապահովման դեպքում գիտական խմբի/կազմակերպության պատասխանատվության ավելի հստակ մեխանիզմների ներդրում՝ ընդհուպ մինչև ծրագրի ֆինանսավորման դադարեցում,
- Առկա ենթակառուցվածքների պահմանմանը զուգահեռ նոր ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծում,
- Փորձաքննության և հաշվետվողականության համանման մեխանիզմների ներդրում։