Ֆիզիկայի արդի կիրառական խնդիրներին նվիրված գիտաժողով՝ Հայաստանում




Ս.թ. սեպտեմբերի 18-22-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը Երևանում և Ծաղկաձորում կազմակերպեցին RREPS-2023 «Ռելատիվիստական էլեկտրոնների ճառագայթումը պարբերական կառուցվածքներում» XIV միջազգային սիմպոզիումը և MEGHRI-2023 «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VIII միջազգային գիտաժողովը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ:
Ավելի քան տասը տարվա պատմություն ունեցող գիտաժողովին, որն այս տարի նվիրված էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին, մասնակցել են շուրջ տասը երկրներից ժամանած երեք տասնյակ արտեկրյա գիտնականներ. հնչել են 60-ից ավելի զեկույցներ կոնդեսացված վիճակի ֆիզիկայի և ակուստաֆիզիկայի ոլորտների մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝
- էլեկտրոնների և պոզիտրոնների փոխազդեցությանը պինդ մարմինների հետ տարբեր արտաքին ազդակների առկայության պայմաններում,
- ռենտգենյան ճառագայթների և նեյտրոնների ցրումը բյուրեղներում,
- տերահերցային, ռենտգենյան և նեյտրոնային ճառագայթումների կիրառություները և այլն:
Հարկ է նշել նաև, որ 2023թ. սեպտեմբերից Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «ՀԵՌԱՎԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ 2023» մրցույթի արդյունքում ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում կհիմնադրվի նոր միջազգային լաբորատորիա, որը մոտակա 5 տարիների ընթացքում կուսումնասիրի «Ռենտգենյան ու գիգա-տերահերցային տոմոգրաֆիա և սպեկտրասկոպիա» ոլորտի արդիական խնդիրները:
Միջոցառումների շարքն ամփոփեց սեպտեմբերի 23-27-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կազմակերպմամբ Մեղրիում անցկացվող Գուրգեն Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների միջազգային դպրոցը, որի մասնակիցներին ողջունեցին ՖԿՊԻ-ի տնօրենը և Մեղրիի համայնքապետը: Միջազգային դպրոցի շրջանակներում ներկայացվել են հանրամատչելի գիտական զեկուցումներ՝ նվիրված տարրական մասնիկների փոխազդեցությանը պինդ մարմինների հետ տարբեր արտաքին ազդակների առկայության պայմաններում, ռենտգենյան ճառագայթների ցրմանը միաբյուրեղներում, ճառագայթային բժշկության հարցերին և տիեզերաբանության ժամանակակից զարգացումներին։
Մանրամասները՝ կոնֆերանսի կայքէջից: