ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԼՂ ուսանողները կշարունակեն աջակցություն ստանալ մինչ տվյալ կրթական մակարդակում ուսման ավարտը

26.09.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև տվյալ կրթական համակարգում ուսումնառության ավարտը: Համապատասխան որոշումները կայացրեց ՀՀ կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ:

Հարցերը զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ նախորդ տարվա որոշումները կարգավորում էին միայն 2023-24 ուսումնական տարվա ընթացում տրամադրվող աջակցությունը:

Վերոնշյալ որոշումներով (ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշումներ) կարգավորվում էին 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ բուհերի ուսանողների, ինչպես նաև մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողների ուսման վարձերի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակների տրամադրման կարգերը:

«Այս փոփոխություններով նախ և առաջ մենք հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը, ինչը նշանակում է, որ ուսանողների՝ մինչև իրենց ուսումնառության ավարտը աջակցության հնարավորություններն ընդլայնվում են»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Սահմանվել է, որ աջակցությունը 2024-2025 ուսումնական տարվա համար կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, մասնավորապես՝ տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65%-ը հաղթահարելու դեպքում: 

«2025-26 ուսումնական տարվանից, այսինքն՝ հաջորդ ուսումնական տարվանից, նախատեսում ենք ներառել միջին որակական գնահատականի շեմ՝ առնվազն 75%-ի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչը առաջին հերթին հենց մեր ուսանողներին թույլ է տալիս ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում»,- ընդգծեց նախարարը:

Հանվել է նաև ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ սահմանված ուսման վարձի փոխհատուցման առավելագույն չափը:

«Պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որ նպաստեինք ուսանողների ավելի համաչափ բաշխմանը մեր բուհերում, սակայն, հաշվի առնելով, որ խոսում ենք արդեն փաստացի սովորող ուսանողների մասին, այս դրույթի անհրաժեշտությունը դուրս է գալիս: Եվ նաև այս սահմանաչափի վերանայումը հնարավորություն է տալիս, որ 100% փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»,- հավելեց նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման իրավունքը կորցվում է բուհից և կրթական ծրագրից տեղափոխվելու պարագայում:

Նոր որոշմամբ ուսման վարձերի փոխհատուցման համար կրթաթոշակներ կստանան նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների այն սովորողները, որոնք 2024-25 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվել են պետական բուհեր (1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով, 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով՝ 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65%-ը հաղթահարելու դեպքում):

Նախարարը նշեց, որ այս դրույթը վերաբերում է շուրջ 180 հոգու. «Նրանց համար նույնպես հաջորդ տարվանից կգործի ՄՈԳ-ի 75% շեմը»:

Նախորդ տարի ընդունված որոշումների արդյունքում 2024 թվականին աջակցություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 4000 շահառու, որոնք թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների, թե՛ քոլեջների ուսանողներ են: