Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը․ գործադիրը հավանություն է տվել գնման գործընթաց կազմակերպելու որոշման նախագծին
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։
Նախագծով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից` «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով է կազմակերպվում, որպեսզի հնարավոր լինի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները իրականացնել միջազգային բարձր վարկանիշ ունեցող ընկերության կողմից, որն ունի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ և աննախադեպ փորձ։
Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում Գերմանիայի օրենքների համաձայն հիմնադրված և գործող ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերության փորձը, հեղինակությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող տրանսֆորմեր համերգասրահի կառուցման բացառիկ հեղինակային իրավունքը՝ նպատակահարմար է համարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրել ընկերությանը, որն իր ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցելու է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ։
Ծրագրի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ ելակետային տվյալների և այլ նյութերի ու տեղեկատվության տրամադրման աշխատանքները նպատակահարմար է համարվել պատվիրել Համալսարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համալսարանը համապատասխան ճարտարապետաշինարարական կրթություն առաջարկող միակ հաստատությունն է և կապահովի ուսանողներին Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու բացառիկ հնարավորություն։
Նախագծման ծառայությունների մասին պայմանագրով վճարումները նախատեսվում է իրականացնել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «Գիտական կենտրոնների վերանորոգում» միջոցառման շրջանակներում: