Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն ընդունել է Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության պատվիրակությանը
Հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հյուրընկալել է Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության գծով վարչության պետ Ֆլորիան Ֆրանկի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-Գերմանիա գիտության օր» երկօրյա միջոցառման շրջանակում, որը տեղի է ունենալու հունիսի 27-28-ը Երևանի պետական համալսարանում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ միջոցառմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ միջոցառման օրակարգը, ներկայացվելիք հարցերի ուղղությունները, ելույթների թեմաները։
Ֆլորիան Ֆրանկը ընդգծել է գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության բարձր մակարդակն ու կարևորել, որ անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել այն ու դրան վերաբերող հետագա քննարկումները՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները։
Սարգիս Հայոցյանը ևս բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով գերմանական կողմին թե՛ բարձրագույն կրթության, թե՛ գիտության ոլորտում Հայաստանի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության համար։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթի շրջանակում ավելի հեռանկարային գիտական ուղղությունների խթանման հնարավորության վերաբերյալ։
Ի թիվս այլնի՝ կոմիտեի նախագահը ներկայացրել է գիտության ոլորտում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները, այդ թվում՝ գիտության ֆինանսավորման ավելացումը, գիտնականների աշխատավարձերի բարձրացումը, գիտական սարքերի ու սարքավորումների գնմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Կոմիտեի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերն ու դրանց նպատակները։
Այս համատեքստում Ֆլորիան Ֆրանկի խնդրանքով Սարգիս Հայոցյանը անդրադարձել է նաև Հայաստանում գիտության և տնտեսության կապին։ Հայոցյանն ընդգծել է, որ այս պահին գիտություն-տնտեսություն համագործակցությունը Հայաստանում անցումային փուլում է, և ՀՀ կառավարությունը քայլ առ քայլ մոտենում է գիտահեն տնտեսության զարգացմանը՝ կարևորելով ԵՄ շուկայի ներգրավվածությունը այդ հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Գերմանական կողմը ներկայացրել է ակադեմիական և գիտական համայնքի մտահոգությունները, որոնք հնչել են նախորդ տարի իրենց հանդիպումների ժամանակ։ Սարգիս Հայոցյանը մանրամասնել է, որ այս պահին ծրագրի շուրջ քննարկումներ են տեղի ունենում շահագրգիռ կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքային խմբերում, ինչի արդյունքում վեր են հանվելու այն խնդիրներն ու առաջարկները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ծրագրի իրականացման ժամանակ։