TAIEX փորձագիտական առաքելություն. աջակցություն հայաստանյան բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումներին









2024 թվականի նոյեմբերի 27-ին մեկնարկեց TAIEX փորձագիտական առաքելությանեռօրյա այցը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կազմակերպվել էր Խորվաթիայի գիտության, կրթության և երիտասարդության նախարարության հետ համագործակցությամբ։ Փորձագիտական առաքելության այցը նպատակ ուներ խթանել ռազմավարական քննարկումները, զարգացնել կարողությունները և փորձի փոխանակում իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ։
Առաքելության նպատակը. բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակում
Այցի շրջանակում հայաստանյան ոլորտային քաղաքականության մշակման պատասխանատուները խորվաթ փորձագետների հետ քննարկեցին կրթության և գիտության միասնական համակարգի կառավարման ոլորտում առկա միջազգային փորձը։
Քննարկված թեմաներից էին՝ արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորումը, ռիսկերի գնահատումը և կարողություններիզարգացում՝ համադրելով հայաստանյան բարձրագույն կրթության ոլորտի ներկայիս պրակիկան ԵՄ լավագույն փորձի հետ։
Առաքելության հիմնական նպատակներն էին՝
- Ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջարկներ՝ կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացման առաջնահերթությունների հստակեցում։
- Բարեփոխումների ներդրման ռազմավարություններ՝ օրենսդրական ընթացակարգերի և կարողությունների զարգացման ծրագրերի պլանավորում։
- Ռիսկերի գնահատում՝ կայուն բարեփոխումների ապահովման նպատակով ռիսկերի գնահատում և կառավարում։
ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձի վրա հիմնված այս նախաձեռնությունը նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի Հանրապետության կարողությունները կրթության և գիտության ոլորտների մարտահրավերների լուծման ուղղությամբ՝ ամուր հիմք ստեղծելով ապագա առաջընթացի համար։
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ներկայիս էկոհամակարգերի ներկայացում
Առաքելությունը մեկնարկեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և Խորվաթիայի գիտության, կրթության և երիտասարդության նախարարության բարձրագույն կրթության գլխավոր տնօրինության տնօրեն Դիյանա Մանդիչի ողջույնի խոսքերով։ Երկու ղեկավարները շեշտադրեցին միջազգային համագործակցության և գիտելիքի փոխանակման կարևորությունը՝ բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման մարտահրավերները հաղթահարելու գործում։
Հաջորդիվ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը անդրադարձ կատարեց հայաստանյան բարձրագույն կրթության և գիտության էկոհամակարգի առանցքային առանձնահատկություններին՝ ներկայացնելով համակարգի կառուցվածքը, հիմնական առաջնահերթությունները և վերջին զարգացումները։
Խորվաթիայի գիտության, կրթության և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց երկրում կրթության և գիտության ոլորտների կառավարման փորձը՝ անդրադառնալով արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներին։
Ներկայացվեցին նաև Շվեյցարիայի հետ համագործակցային ծրագրերը և ԵՄ շրջանակում համալսարանական դաշինքների (ալյանս) աջակցման մեխանիզմները։ Այս փորձը կարող է կիրառական լուծումներ առաջարկել Հայաստանի Հանրապետության համար։
Հաջորդիվ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալլ Մկրտիչ Այվազյանը և Բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը ներկայացրեցին Կոմիտեի ստորաբաժանումների հիմնական առաքելությունները և նպատակները։ Բանախոսները առանձնակի շեշտադրեցին ռազմավարական պլանավորումը և բարեփոխումների խթանման ծրագրերի իրականացումը։
Քննարկումների արդյունքում անդրադարձ եղավ նաև այնպիսի թեմաներին, ինչպիսիք են՝ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որակի ապահովումը, և շուկայի կարիքների գնահատում։ Խորվաթիայի փորձը, որի արդյունքում ձևավորվել են նման մարտահրավերների հաղթահարման մոտեցումները, մեծապես համահունչ է հայաստանյան կարիքներին։
Բարեփոխումների և համագործակցության ամրապնդում
Առաքելության այցի հաջորդ երկու օրերը նվիրված կլինեն արդյունավետության բարձրացման ռազմավարությունների քննարկմանը՝ ավելի մանրամասն ուսումնասիրելով Խորվաթիայի արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների և կառավարման նոր մոդելների ներդրման ճանապարհային քարտեզը։
Այցի վերջին օրը կամփոփվեն կարողությունների զարգացմանը և բարեփոխումների ճանապարհային քարտեզները վերջնականացնելուն վերաբերող հարցերը, ինչպես նաև կքննարվեն ոլորտային համագործակցության նոր հնարավորությունները։