ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանրային լսում

27.12.2022

Դեկտեմբերի 27-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանրային լսում «Գիտական և  գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ընդհանուր գծերով նրանց ներկայացրեց օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները: Նա նշեց, որ 2000 թ. ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: Հանրային քննարկման ներկայացված նախագծով  նախ և առաջ հստակեցվում են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները:

Կոմիտեի նախագահը նախ անդրադարձավ օրենքի նախագծով առաջարկվող նոր հասկացությունների  ներմուծմանն ու մի շարք հասկացությունների հստակեցմանը, այնուհետև անդրադարձավ գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգերին, որոնք նույնպես կանոնակարգվում են քննարկվող նախագծով:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև գիտական կազմակերպությունների կողմից նյութատեխնիկական բազայի համալրման, ժամանակակից գիտական սարքավորումների ձեռքբերման ժամանակ իրականացվող գնումների թեման: Նշվեց, որ նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ստեղծել իրավական հիմք` մեկ անձից կամ հրատապության հիմքով գնման այլ եղանակներով գիտական սարքերի ձեռքբերման համար, քանի որ հաճախ գնման գործընթացն այնքան երկար է տևում, որ այդ ընթացքում գիտական սարքավորումները կորցնում են իրենց արդիականությունը:

Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը կտևի մինչև 2023 թ. հունվարի 4-ը ներառյալ: Առաջարկությունները կարելի է ներկայացնել կոմիտեի կայքի «Հանրային քննարկումներ»  բաժնում կամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, կամ ուղարկել Գիտության կոմիտե: