ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մասնակցություն «GRANT-2015» գիտաժողովին

08.10.2015

Սեպտեմբերի  30-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Կիևում մասնակցել է Ուկրաինայի հիմնարար հետազոտությունների պետական հիմնադրամի կազմակերպած միջազգային գիտաժողովին:

 

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են հետխորհրդային տարածաշրջանում գիտական և գիտատեխնիկական գործունեության զարգացման նպատակով միջազգային դրամաշնորհների տրամադրման, միջազգային համատեղ մրցույթների իրականացման, անկախ փորձաքննության կազմակերպման, ինչպես նաև հիմնարար հետազոտությունների ֆինանսավորման եղանակները:

 

Ս. Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ում գիտական գործունեության ֆինանսավորման հիմնական եղանակներին և ներկայացրել է գործող անկախ փորձագիտական համակարգը: Հայաստանում ներդրված անկախ փորձագիտական համակարգը բարձր գնահատանքի է արժանացել մասնակիցների կողմից, մասնավորապես, Մոլդովայի խորհրդատվական փորձագիտական խորհրդի տնօրեն Վ. Բոախը ցանկություն է հայտնել նոյեմբերին այցելել Հայաստան՝ գործող համակարգին տեղում ծանոթանալու նպատակով:

 

Հոկտեմբերի 1-ին Ս. Հարությունյանը մասնակցել է նաև «GRANT-2015» միջազգային գիտաժողովի շրջանակներում կայացած «Արևելյան գործընկերության երկրներում հետազոտական նախագծերի փորձաքննությունը և գնահատումը. արդի կարգավիճակը և հեռանկարները» խորագրով տարածաշրջանային աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, փորձագետների միացյալ բազա ստեղծելու հնարավորությունները: Առաջարկվել է մշակել և 2016 թվականի գարնանը ստորագրել «Արևելյան գործընկերության երկրների համար անկախ փորձագիտական համակարգի մասին» փոխըմբռնման հուշագիր:

 

Այցի շրջանակներում սեպտեմբերի 30-ին պարոն Հարությունյանը հանդիպել է Ուկրաինայի հիմնարար հետազոտությունների պետական հիմնադրամի տնօրեն Բ. Գրինյովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում`  գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության հայ-ուկրաինական համատեղ մրցույթի անցկացման կարգի ու պայմանների մասին:

 

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե