ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոր լուծումներ Հայֆիլմի համար. մեկնարկել է հայ ուսանողների մասնակցությամբ միջազգային աշխատաժողովը

28.02.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Փետրվարի 28-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ճարտարապետական բուհերի ճարտարապետ ուսանողների մասնակցությամբ «Երազելու քաղաք՝ նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից:

Հանդիպմանը ներկա էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման համար պատասխանատու գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը և «gmp Foundation» հիմնադրամի մաս կազմող Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը:

Ողջունելով ներկաներին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը Հայաստանի Հանրապետության ամենահավակնոտ ծրագրերից է, և Հայֆիլմի տարածքը ներկայումս ներառվել է՝ որպես ֆիլմարտադրության, արվեստների և ստեղծագործական աշխատանքի համար մեկ միասնական միջավայր, որը կապված կլինի Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի հետ. «Այս նախաձեռնությունը շատ լավ հնարավորություն է ուսանողների համար իրենց մասնակցությունն ու ներդրումը ունենալու այս մեծ ծրագրին»,- նշեց Հայոցյանը:

Երեք ու կես շաբաթ ընդհանուր տևողությամբ աշխատաժողովի ընթացքում թվով 16 ճարտարապետ ուսանողներ, որից 4-ը Հայաստանից են, գերմանական կազմակերպության 4 ճարտարապետների (tutors) համակարգմամբ, կքննարկեն ապագայի արդիական ճարտարապետական մշակումները և կիրականացնեն Հայֆիլմ կինոստուդիայի տարածքի նախագծային աշխատանքներ:

Աշխատաժողովի՝ Հայաստանում կայանալիք հատվածը կներառի լսարանային և գործնական աշխատանք, որի մի մասը՝ հենց «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որն ուղղված կլինի գաղափարների գեներացմանը, կոնցեպտի մշակմանը, վերջինիս ձևակերպմանը՝ ճարտարապետական նախագծի տեսքով և էսքիզային տարբերակների ներկայացմամբ:

Ինչպես նշեց Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը, որ աշխատաժողովը հնարավորություն կտա ուսանողների և ճարտարապետների հետ միասին տեղում ծանոթանալ տեղանքին, ինչպես նաև գեներացնել ճարտարապետական լուծումներ և գաղափարներ, որոնք կարող են աջակցել «Հայֆիլմ»-ի տարածքը միջազգային մակարդակի ֆիլմ-քաղաք դարձնելու տեսլականին։

Անդրադառնալով աշխատաժողովի նպատակներին՝ Մաասը նշեց, որ մասնակիցների 4 խմբերին առաջարկվելու է մշակել ճարտարապետական նախագծերի իրենց տարբերակները, որոնք քննարկվելու են բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ընտրվելու են նախագծի տեսանկյունից առավել նպատակահարմար առաջարկները:

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը առանձնահատուկ կարևորեց աշխատաժողովի միջոցով ուսանողների ներգրավվածությունը «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման և ձևավորման գործընթացին, քանի որ այն թույլ է տալիս ուսանողներին իրական փորձի հիման վրա մասնակցել նախագծային աշխատանքներին. «Ուսանողները անցնելու են բոլոր այն փուլերով, որոնք նախատեսված են ճարտարապետների համար։ Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրելու են տարածքը և խնդիրը իրական պայմաններում, մշակելու և ներկայացնելու են որոշակի լուծումներ, որոնք կօգտագործվեն նախագծային կազմակերպության կողմից «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման իրական ծրագրում»:

Մարտ ամսին աշխատաժողովը կշարունակվի Համբուրգ քաղաքում, որի ժամանակ մարտի 2-ից 20-ը աշխատաժողովի ճարտարապետ ուսանողները, այդ թվում՝ չորս մասնակից Հայաստանից, կավարտեն նախագծային աշխատանքները և կներկայացնեն տարածքի զարգացման կոնցեպտուալ առաջարկներ: