ԿԳՄՍ նախարարը, Կոմիտեի նախագահը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս





ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին:
Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք:
ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով:
Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է մշակման և նախագծման փուլում: Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում: Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝ շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են:
Նշենք՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը: Ակադեմիական քաղաքի նախագծման և հայեցակարգի ձևավորման արդյունավետության նպատակով համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ կրելու է շարունակական բնույթ: