ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոր մրցույթ՝ ուղղված առաջատար հետազոտությունների աջակցությանը

28.04.2021

Ս.թ. ապրիլի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ  2021 թ. ՀՀ պետական բյուջեով Գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակներում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Նման մրցույթ հայտարարվում է առաջին անգամ: Այն աննախադեպ է թե՛ տրամադրվող գումարի, թե՛ թեմայի տևողության, թե՛ գիտաշխատողների աշխատանքի վարձատրության չափով և թե՛ խմբերում ներգրավված գիտաշխատողների թվով:

Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք միտված են նաև գիտական կադրերի պատրաստմանը:

Խմբի ղեկավար կարող է լինել գիտական աստիճան ունեցող, 40-ից բարձր տարիքի անձը: Խումբը կարող է ունենալ նաև համաղեկավար, որի առկայությունը պարտադիր է, եթե ղեկավարի տարիքն անցնում է 70-ից, և ողջունելի, եթե թեման վերաբերում է մեկից ավել մասնագիտությունների: Խումբը պետք է ունենա նաև օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և առնվազն 30 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին: Խմբի ղեկավարի, համաղեկավարի ու օտարերկրյա գործընկերոջ համար պարտադիր պայման է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում բարձր վարկանիշ ունեցող հրապարակումների առկայությունը:

Խմբերի առջև դրված պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը  (ակնկալվում է 30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում), թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը: Նախագծի մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության արդյունքները  գնահատելուց հետո կորոշվի թեմայի ֆինանսավորումը ևս երկու տարի շարունակելու նպատակահարմարությունը:

Նախագծի մեկնարկից մեկ տարի անց խմբի ղեկավարը հնարավորություն կունենա խմբում ընդգրկելու ևս մինչև երկու կատարող՝ թեմային առնչվող մասնագիտությամբ ուսանող: Խմբում ուսանող ներգրավելու դեպքում թեմայի ֆինանսավորումը  համապատասխանաբար կավելացվի:

Այսպիսով՝ մրցույթի իրականացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների մասնագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավել նոր միջազգային դրամաշնորհներ։

Մայիսի 6-ին` ժամը 15:00, ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան 0028, Օրբելի փ. 22) տեղի կունենա մրցույթին նվիրված տեղեկատվական հանդիպում:

Մրցույթի հրավերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/am/27-04-2021: