«Հայաստան-Գերմանիա գիտության օր» ․ ամփոփվեցին երկկողմ համագործակցության ձեռքբերումները և զարգացման հեռանկարներ
Հունիսի 27-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստան-Գերմանիա գիտության օր» խորագրով երկօրյա միջոցառման բացումը:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (ԳԿՀԴՆ) համատեղ նախաձեռնությամբ։
Միջոցառման օրակարգային հարցերից էին՝ վերջին տարիներին գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության ձեռքբերումների ամփոփումը, հետազոտությունների, տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում համատեղ նախագծերի խորացումն ու ընդլայնումը, ինչպես նաև Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Միջոցառումը բացեց հյուրընկալող կողմի՝ Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը՝ նշելով, որ սա ևս մեկ կարևոր ուղենիշ է Հայաստանի և Գերմանիայի միջև հետազոտությունների և նորարարությունների ոլորտում համագործակցության ճանապարհին: Պրոռեկտորի հավաստմամբ՝ գերմանացի գործընկերների ներկայությունն այստեղ վկայում է այն բարեկամության և համագործակցության ամուր կապերի մասին, որոնք միավորում են երկու երկրներին․ «Սա եզակի հարթակ է գիտելիքների և գաղափարների փոխանակման, ինչպես նաև նոր գործընկերային կապերի ստեղծման համար, որոնք կնպաստեն գիտական և տեխնոլոգիակական առաջընթացին»,- վստահություն հայտնեց Բարխուդարյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդգծեց, որ երկկողմ հուշագրի շրջանակում Կոմիտեն և ԳԿՀԴ նախարարությունն արդեն հասցրել են իրականացնել գիտական հետազոտությունների աջակցության երեք համատեղ մրցույթ, ինչի արդյունքում հայ-գերմանական գիտական խմբերի կողմից հաջողությամբ ավարտին է հասցվել 20 երկամյա նախագիծ, իսկ ևս 5-ը երաշխավորվել են ֆինանսավորման 2024թ․ մարտին ամփոփված մրցույթի արդյունքում։
Ֆինանսավորվող նախագծերը, ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտների (տեղեկատվական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ, կայուն գյուղատնտեսություն, ռիսկերի կառավարում և այլն), համապատասխանում են նաև Եվրոպական Կանաչ գործարքի առաջնահերթություններին․ «Դրանով մենք նպատակ ունենք խթանելու նաև Հայաստանի մասնակցությունը եվրոպական շրջանակային ծրագրերին և նպաստելու համաշխարհային մակարդակով մրցունակ հետազոտությունների համար կարողությունների զարգացմանը»,- նշեց Հայոցյանը։
Հայոցյանը հավելեց նաև, որ համատեղ նախագծերի իրականացումը նպաստել է նաև գիտաշխատողների շարժունությանը, համատեղ գիտական միջոցառումների միջոցով ավելի լավ համագործակցային միջավայրի ստեղծմանը և երիտասարդ հետազոտողների ներգրավմանը։
Ամփոփելով Կոմիտեի և ԳԿՀԴ նախարարության վերջին տարիների համագործակցության ձեռքբերումները, ինչպես օրինակ Յենայի համալսարանի Մարդու գենետիկայի ինստիտուտի ներգրավմամբ ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում հայ-գերմանական առաջին համատեղ լաբորատորիայի գործարկումը՝ Հայոցյանը նշեց, որ գործընկերները թևակոխում են համագործակցության խորացման նոր փուլ, որի առանցքային ուղղություններից է ՀՀ կառավարության նախաձեռնած խոշորագույն ծրագրերից մեկի՝ Ակադեմիական քաղաքի շրջանակում գերմանական բուհերի և գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը։
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը ևս կարևորեց միջոցառման անցկացումը երկու երկրների միջև հետազոտությունների և կրթության ոլորտում համագործակցության խթանման տեսանկյունից՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան-Գերմանիա համագործակցությունն էլ ավելի է սերտացել տարբեր ուղղություններով։ Փոխդեսպանի համոզմամբ, Հայաստանն անցնում է դիվերսիֆիկացման ուղով և տարբեր ոլորտներում սահմանում է եվրոպական բարձր չափանիշներ, որոնց ապահովմանը պատրաստակամ է աջակցել ԳԴՀ-ն՝ որպես Հայաստանի գործընկեր։
Հայաստանյան գիտակրթական համայնքի հետ համատեղ իրականացվող առավել խոստումնալից ծրագրերին անդրադառնալով՝ ԳԴՀ փոխդեսպանը հիշատակեց ՀԱՊՀ հետ համագործակցությունը արևային էներգիայի ոլորտում, Սևանա լճի կայուն զարգացման ապահովմանը նվիրված հետազոտությունները հայ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ՝ վերահաստատելով գերմանական կողմի աջակցությունը հայկական գիտակրթական ոլորտի առաջընթացին։
ԳԿՀԴՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության գծով բաժնի պետ Ֆլորիան Ֆրանկը իր խոսքում կարևորեց կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության շարունակականությունը և ընդգծեց համագործակցության ամենահեռանկարային ոլորտները, մասնավորապես՝ կենսաբազմազանության, կլիմայի ուսումնասիրություն, առողջապահություն, միաժամանակ ներկայացնելով հայ-գերմանական գիտակրթական համագործակցության նոր ձեռքբերումները։
«Այս տարվա սկզբից մենք համատեղ մեկնարկել ենք հինգ նոր երկկողմ նախագիծ, և ներկա պահին արդեն իսկ ներդրել ենք մեկ միլիոն եվրո այդ նախագծերում։ Սա շատ լավ մեկնարկ է, սակայն հետագայում էլ ավելին է արվելու»,- նշեց Ֆրանկը:
Պարոն Ֆրանկը բարձր է գնահատել նաև հայաստանյան կառավարության ջանքերը՝ գիտության և հետազոտությունների ոլորտային ֆինանսավորումը կրկնապատկելու գործում․ «Ներդրումների կրկնապատկումը իսկապես տպավորիչ է, և ապագայում ավելի շատ հնարավորություններ կստեղծի երկկողմ համագործակցության համար»,- նշեց ԳԿԴՀՆ ներկայացուցիչը։
Միջոցառման ընթացքում Սարգիս Հայոցյանը և ԳԿՀԴՆ գործընկերները երկուստեք ներկայացրեցին հետազոտությունների ու նորարարությունների զարգացման գերակայությունները Հայաստանում և Գերմանիայում, ինչպես նաև Մյունխենի տեխնիկական համալսարան միջազգային ընկերության տնօրեն Ֆրեդերիկե Հեթթինգերի հետ քննարկեցին Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում համագործակցությունը, որը միտված է ապահովելու ՀՀ կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների փոխկապակցվածությունը և նորարարությունների համար արդյունավետ միջավայրի ստեղծումը։
Գերմանական պատվիրակության կազմում ընդգրկված էին ԳԴՀ-ում գործող մի շարք առաջատար գիտական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Հետազոտությունների գերմանական հիմնադրամը, Հելմհոլց և Լայբնիցի ասոցիացիաները, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամը, Կառլսռուհեի տեխոլոգիայի ինստիտուտը և այլն, որոնց մասնակցությամբ կայացավ նաև հնարավորությունների տոնավաճառ՝ հայաստանյան բուհերի ներգրավմամբ։
Միջոցառման երկրորդ օրը առավել մանրամասն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Գերմանիայի համալսարանական և արտահամալսարանական գիտահետազոտական համակարգին. զեկույցներով հանդես եկան գերմանական բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՊՀ, ԳԱԱ, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան-Գերմանիա գիտահետազոտական համագործակցության օրինակները առողջապահության և կենսաբազմազանության ոլորտում, ինչպես նաև ներկայացվեցին հայ-գերմանական համատեղ գիտական նաագծերի ֆինանսավորման հնարավորությունները: