ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան․ քննարկումներ ակադեմիական համայնքի հետ

29.01.2025

2025 թվականի հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Ակադեմիական քաղաք նախագծի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները։

Մասնավորապես, Երևան են ժամանել․

- Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024թ․-ին մշակած և ներկայումս քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության,

- Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության,

- Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության,

- Ակադեմիական քաղաքի տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական Սիստեմատիկա ընկերության ներկայացուցիչներ։

Ստորև ներկայացվում են այցելությունների օրակարգի առանցքային կետերը․

Կյանքի մասին գիտությունների դպրոցի փորձի ներկայացում Ագրարայինում (հունվարի 29)

Մյունխենի տեխնիկական համալսարանի Կյանքի մասին գիտությունների դպրոցի տնօրեն դոկտոր Տոբիաս Բիդոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերների հետ կքննարկի Հայաստանում գյուղատնտեսական կրթության և գիտության զարգացման հեռանկարները, մարտահրավերները և դրանք հաղթահարելու մոտեցումները՝ միաժամանակ ներկայացնելով Մյունխենի տեխնիկական համալսարանի վերափոխման և Կյանքի մասին գիտությունների դպրոցի ձևավորման փորձը։

Նախատեսվում է նաև այցելություն  Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն և հանդիպում ոլորտային գիտական կազմակերպությունների հետ։

Համալսարանների հետ աշխատաժողովներ (հունվարի 29 և 31)

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աջակցությամբ և մասնակցությամբ «Technical University Munich International GmbH» կազմակերպության ծրագրի համակարգող տիկին Ջորջետա Աուկտուրը և ծրագրի ղեկավար տիկին Ալինա Լաուքը աշխատաժողովներ կունենան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (հունվարի 29-ին) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (հունվարի 31-ին) վարչական, կրթական և գիտական բնագավառների ներկայացուցիչների, ուսանողների հետ։

Հանդիպումների ընթացքում կներկայացվի Մյունխենի տեխնիկական համալսարանի փոխակերպման փորձը՝ քննարկելով Հայաստանի տեխնիկական և տեխնոլոգիական բնագավառի կրթության և գիտության զարգացման տեսլականը, առկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու միջոցները։

Հունվարի 29-ին աշխատաժողով է նախատեսվում նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անձնակազմի հետ՝ ինժեներական կրթության և ուսուցման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես, անդրադարձ կկատարվի Հայաստանի զարգացման համար հիմնական մրցակցային ուղղություններին, ոլորտի հետագա զարգացման կանխատեսվող միտումներին, ինչպես նաև ՀԱՊՀ-ում կրթության և հետազոտությունների հետագա վերափոխման տեսլականին։

Հանդիպում նորարարական, ձեռներեցական էկոհամակարգի ներկայացուցիչների հետ (հունվարի 29)

Կրթական բնագավառի ներկայացուցիչների, գիտնականների և ուսանողների հետ քննարկումներին զուգահեռ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և Մյունխենի տեխնիկական համալսարանի թիմը Տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում քննարկում կունենա Հայաստանի ձեռներեցության և նորարարության էկոհամակարգի ներկայացուցիչների հետ։

Կքննարկվեն Հայաստանի էկոհամակարգի ներկա վիճակը, առանձնահատկությունները, զարգացման հնարավոր տեսլականը և կրթական, գիտական համակարգից ակնկալիքները։

Այցելություն 3 գիտահետազոտական կազմակերպություն (հունվարի 30)

Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում տեղի կունենա ընդհանուր տեսլականի վերաբերյալ հերթական քննարկումը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների միջև (Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո)։

Հանդիպում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հունվարի 30)

Ակադեմիական քաղաք ծրագրի չորս գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում ԲԿԳԿ-ում՝ նվիրված կատարված աշխատանքների ամփոփմանը և հետագա անելիքներին։

Այցելության օրակարգի այլ հարցեր

Հայաստան այցի շրջանակում նախատեսվում են նաև RSUP և «Սիստեմատիկա» ընկերությունների պատվիրակության անդամների հանդիպումներ պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ։