Գառնիի տաճարի բակում կայացել է ՃՇՀԱՀ-ի 650 շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը
Գառնիի տաճարի բակում օրերս կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Այս տարի համալսարանն ավարտել է շուրջ 650 շրջանավարտ:
Միջոցառումը մեկնարկել է ֆակուլտետային խորհրդանիշ-դրոշների փոխանցմամբ. շրջանավարտներն իրենց իմացության ու վարպետության դրոշները փոխանցեցին առաջինկուրսեցիներին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՃՇՀԱՀ-ի շրջանավարտներին շնորհավորել և մասնագիտական ձեռքբերումներ են մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ ՃՇՀԱՀ պատվավոր պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը, համալսարանի բարեկամները և այլ պատվավոր հյուրեր:
Ամփոփելով միջոցառումը՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ողջունել է ներկաներին և նշել, որ միջոցառման վայրը պատահական չէ ընտրված և այն իր մեջ ամփոփում և արտահայտում է համալսարանի գրեթե բոլոր մասնագիտությունները:
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ մասնագիտություն ստանալու և համալսարանը բարեհաջող ավարտելու այս, հիրավի, հիշարժան օրվա առթիվ: Համոզված եմ, որ մասնագիտական գործունեության բոլոր ոլորտներում դուք պահանջված եք, քանի որ ստացել եք հիմնավոր գիտելիքներ: Վստահեցնում եմ, որ մեր համալսարանը Ձեզ ուղեկից է լինելու և աջակցելու է մասնագիտական գործունեության ողջ ընթացքում»-, ասել է Եղիազար Վարդանյանը:
Անդրադառնալով առաջին կուրսի ուսանողներին՝ ռեկտորը վստահեցրել է, որ նրանք ստանալու են միջազգային չափանիշներին համապատասխան, որակյալ և հիմնավոր կրթություն, ունենալու են հիշարժան ուսանողական կյանք, հնարավորություն են ունենալու մասնակցելու միջազգային բազմաթիվ փոխանակման ծրագրերի:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո շրջանավարտների համար նաև համերգային ծրագիր է կազմակերպվել:
Աղբյուր՝ escs.am