Կառավարությունը հաստատել է 2023 թ.-ին իրականացվելիք պետական նպատակային ծրագրերի ցանկը
ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի որոշմամբ հաստատվել է 2023 թ.-ին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը:
Ցանկում ներառված է ութ պետական նպատակային ծրագիր, որոնցից 7-ը ներկայացված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, 1-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության:
Հետազոտությունները ներկայացրել են «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ՝ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Ընդհանուր և անօրգանական քիմիայի, Մոլեկուլային կենսաբանության, Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Հնագիտության և ազգագրության ու Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները:
Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7 միլիարդ ՀՀ դրամ։
Ըստ կառավարության որոշման՝ 2023 թ․ իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրերը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային ժողով:
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից