«Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողով Երևանում
29.09.2023
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ամփոփվեց սեպտեմբերի 24-ին մեկնարկած «Նոր զարգացող միտումներ քիմիայում» (NewTrendsChem-2023) միջազգային գիտաժողովը, որի նպատակն է միավորել քիմիայի տարբեր ուղղությունների նշանավոր հետազոտողներին և խթանել արդյունավետ քննարկումներն ու ապագա համագործակցությունը հայաստանյան և արտերկրյա գործընկերների միջև։
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը և ԵՊՀ-ն՝ Բարձրագույն կրթության ևգիտության կոմիտեի աջակցությամբ:
Գիտաժողովը համախմբել է շուրջ 350 մասնակից ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Լեհաստանից, Կանադայից, Հայաստանից, Ղազախստանից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, որոնց թվում՝ ՌԳԱ ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար Վալենտին Անանիկովը, ՌԳԱ ակադեմիկոս, անվանի հայազգի գիտնական Արտեմ Օհանովը և այլք։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ավելի քան 80 գիտական զեկուցումներ արդի քիմիայի նորարարական ուղղություններով, այդ թվում՝
- նոր նյութերի կանխատեսումների և նոր տեսակների սինթեզի առաջընթաց,
- քիմիայում արհեստական բանականության և թվային դիզայն, նոր քիմիական փոխակերպումներ,
- ֆոտոքիմիա,
- քիմիայում գերմոլեկուլային փոխազդեցություններ,
- կատալիզի տեսություն,
- նանոնյութերի հետազոտական տվյալներ, և այլն։