TAIEX առաքելության եռօրյա այցն ամփոփվեց ապագա համագործակցության քննարկմամբ








Նոյեմբերի 29-ին եզրափակվեց Եվրոպական միության փորձագետների TAIEX առաքելության եռօրյա այցը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։
Առաքելության այցի երկրորդ օրը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ներկայիս իրավիճակը, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաև զարգացմանն ուղղված ծրագրերը։ Եվրոպացի փորձագետները կիսվեցին իրենց դիտարկումներով՝ ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են կրթության և գիտության ոլորտների համաշխարհային զարգացումներին։
Առաքելության վերջին օրը նվիրված էր առաջնորդության ռազմավարություններին և համագործակցության խորացմանը։
Օրակարգը մեկնարկեց կրթության և գիտության համակարգի արդյունավետ կառավարման և դրա հետագա զարգացման համար անհրաժեշտ առաջնորդության ռազմավարությունների քննարկմամբ․
- Դիանա Մանդիչը իր զեկույցում համադրեց ՀՀ ոլորտային գործողությունների ծրագիրը և Խորվաթիայի լավագույն փորձը կրթության ոլորտում՝ ընդգծելով ազգային որակավորման շրջանակների և արդյունքների վրա հիմնված հավատարմագրման ստանդարտների մեխանիզմները։
- Կրիստիան Վլահովիչեկը ներկայացրեց համակարգերի պահպանման և բարելավման տարբեր ինստիտուցիոնալ մոտեցումները, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերն ու ռիսկերը։
- Անա Բելշչակ-Ցվիտանովիչը առանձնահատուկ անդրադարձ կատարեց կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների իրականացման ռազմավարություններին, ի թիվս այլնի, ընդգծելով առաջնորդության, սոցիալական հմտությունների և հուզական ինտելեկտի կարևորությունը։
Առաքելության այցի վերջին օրը եզրափակվեց համագործակցության հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան-քննարկմամբ։ Մասնակիցները ամփոփեցին առաքելության արդյունքները, փոխանակվեցին եզրափակիչ դիտարկումներով և վերահաստատեցին երկարաժամկետ համագործակցության իրենց հանձնառությունը՝ շեշտելով ՀՀ նախաձեռնած բարեփոխումների համահունչ լինելը ԵՄ լավագույն փորձին։
Այս արդյունավետ երկխոսությունը նպաստեց Հայաստանի կարողությունների զարգացմանը՝ կրթության և գիտության համակարգի կառավարման մարտահրավերներին դիմակայելու և վերջինիս զարգացման ուղղությամբ առաջընթաց գրանցելու հարցում։
Միաժամանակ, կողմերը համաձայնեցին խորացնել համագործակցությունը կարողությունների զարգացման նախաձեռնությունների ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ապագայում Հայաստան-Խորվաթիա երկկողմ կրթական և գիտական նախաձեռնությունների հնարավորությունները։