ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

29.12.2023

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող 2023 թվականն ակադեմիական ու գիտական համայնքների համար նշանավորվեց բովանդակային բարեփոխումներով, նոր և հեռանկարային զարգացումներով։

Պետական կառավարման համակարգում ստեղծվեց նոր մարմին՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի առջև դրված առանցքային նպատակները համահունչ են բուհերի և գիտական կազմակերպությունների միջև փոխգործակցության սերտացման և սիներգետիկ կապի ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականությանը։

Գիտության ոլորտի պետական ֆինանսավորման ավելացման շնորհիվ՝ 2023թ․-ին շարունակվել է ատեստավորում անցած գիտաշխատողների աշխատավարձի ամենամյա աստիճանական ավելացման գործընթացը: Շարունկվել է նաև խոշոր ժամանակակից սարքերով և սարքավորումներով հայաստանյան գիտական կազմակերպությունների և ստորաբաժանումների վերազինման գործընթացը, որի համար հատկացված է եղել 4,2 մլրդ դրամ: Ներկայումս կարիքների գնահատման մրցույթի արդյունքում առկա է գնման համար երաշխավորված սարքավորումների ցանկ` աննախադեպ 7.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ինչը գերազանցում է վերջին տասը տարիներին նույն նպատակով կազմակերպված մրցույթների արդյունքում տրամադրված ֆինանսավորման հանրագումարին։

Անցնող տարին ռեկորդային էր նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած դրամաշնորհային ծրագրերի մրցույթների քանակով՝ շուրջ 20 մրցույթ, որը կրկնակին ավելի է, քան մրցույթների ամենամյա միջին քանակը։

Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները և ձգտելով ապահովել դրանց շարունակականությունը՝ մաղթում ենք, որ գալիք 2024 թվականը մեր երկրի համար լինի խաղաղ և կայուն զարգացման, իսկ ակադեմիական ու գիտական համայքների համար՝ ստեղծարար ու նորարար մտքի հաղթանակի և նորանոր հաջողությունների տարի:

Ուրեմն՝ թող 2024 թվականը բոլորիս բերի առողջություն, բարօրություն և եռանդ՝ նոր նվաճումների համար:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե