ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բանակցություններ «Սկոլկովո»-ում

31.03.2015

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը մարտի 22-23-ը գործուղվել էր Մոսկվա՝ «Նոր տեխնոլոգիաների մշակման և առևտրայնացման կենտրոնի զարգացման հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության («Սկոլկովո» հիմնադրամ) հետ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:

 

 Ս. Հարությունյանը հանդիպել է «Սկոլկովո» հիմնադրամի ավագ փոխնախագահ Ի. Դրոզդովի հետ, որի հետ քննարկել է «Սկոլկովո» հիմնադրամի մասնաճյուղը Հայաստանում բացելու հարցը: Ի. Դրոզդովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թ. աշնանը Երևան այցի վերաբերյալ՝ մասնաճյուղի շուրջ լայնածավալ քննարկումների, ինչպես նաև նորարարական և փորձակոնստրուկտորական նորաստեղծ ծրագրերի համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով:

 

«Սկոլկովո» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի և փորձաքննության հարցերի գծով փոխտնօրեն Կ. Բուլատովի հետ հանդիպման ընթացքում Ս. Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ներդրված անկախ փորձագիտական համակարգը: Կ. Բուլատովը ցանկություն է հայտնել ավելի խորը ուսումնասիրել համակարգը՝ կարծիք հայտնելով, որ այն կարող է կիրառվել նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի փորձաքննության ընթացքում:

 

«Սկոլկովո» տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռ. Բատիրովի հետ քննարկվել է տեխնոպարկի հետ սերտ համագործակցություն իրականացնելու հարցը: Ռ. Բատիրովը ցանկություն է հայտնել ս.թ. մայիսին այցելել Հայաստան՝ տեղում գործող տեխնոպարկերի աշխատանքներին ծանոթանալու և համագործակցություն հաստատելու նպատակով:

 

Այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել նաև «Սկոլկովո» հիմնադրամի միջուկային, գյուղատնտեսական, կենսաբանական և բժշկական տեխնոլոգիաների կլաստերների ներկայացուցիչների հետ: