ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ասուլիս՝ «Ներկա եւ հեռանկարային ծրագրեր»

20.03.2013

Մարտի 20-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի  մամուլի ասուլիսը «Ներկա եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով, որի ժամանակ լրագրողներին ներկայացվեց տեղեկատվություն ԳՊԿ կազմակերպած մրցույթների, բնագավառի իրավական դաշտի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ՔԵՆԴԼ նախագծի եւ կոմիտեի հեռանկարային ծրագրերի մասին:

 

ԳՊԿ նախագահը նշեց, որ ամփոփվել է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթը: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ են հանձնվել 25 ասպիրանտների (25 թեմաներից 20-ն իրականացվելու է Գիտության պետական կոմիտեի, 2-ը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, 3-ը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ): Ամփոփվել են նաեւ հայ- գերմանական համատեղ մրցույթի արդյունքները (ֆինանսավորման է երաշխավորվել 10 հայտ) եւ հայ- ռուսական համատեղ մրցույթի արդյունքները՝ հայկական կողմից: Վերջնական արդյունքները կհայտարարվեն ռուսական կողմի հետ համապատասխանեցվելուց հետո:

 

Հայտարարվել են գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթներ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով: Հունվարի 22-ին հայտարարված բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիաների բնագավառների մրցույթի հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է, ստացվել է 354 հայտ: Փետրվարի 12-ին հայտարարված երկրորդ՝ «Հասարակական գիտություններ» եւ «Հայագիտություն եւ հումանիտար գիտություններ» բնագավառների համար մրցույթի ժամկետը կավարտվի մարտի 24-ին:

 

Առաջին անգամ գիտական ծրագրերի իրականացման գործընթացում հնարավորություն է ընձեռնվել ընդգրկել արտասահմանցի խորհրդատուների, եւ արդեն իսկ ստացվել է այդպիսի շուրջ 70 հայտ: Արտասահմանյան խորհրդատուների ներգրավումը գիտական ծրագրերում էապես նպաստում է գիտության ոլորտում եվրոինտեգրման գործընթացին: Մրցութային հայտերը ներկայացվում են առցանց (online) համակարգով: Առցանց համակարգի ներդրումը մրցութային գործընթացում հնարավորություն է տալիս բոլոր փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ բացառելով ցանկացած միջամտություն, վերացնում է ավելորդ թղթաբանությունը, գործընթացը դարձնում է ավելի դյուրին եւ հեշտ կիրառելի, մոտեցնում է այն միջազգայնորեն ընդունված եւ կիրառում ստացած չափանիշներին:

 

Պարոն Հարությունյանը հայտնեց, որ մոտ ապագայում կոմիտեն կկազմակերպի եւս մի քանի մրցույթ՝ կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթ, որը կիրականացվի տնտեսության մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարների տրամադրման մրցույթ, գիտական սարքավորումների ձեռքբերմանն ուղղված մրցույթ, երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթ, ինչպես նաեւ հայ-ռումինական եւ հայ-բելառուսական համատեղ մրցույթներ:

 

ԳՊԿ նախագահն անդրադարձավ նաեւ գիտության բնագավառի իրավական դաշտի բարելավման նպատակով կոմիտեի կատարած աշխատանքներին: Նա նշեց, որ Ազգային Ժողովում քննարկումների փուլում է «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա ներդնել գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի/թեմաների ընտրության ու հաշվետվությունների գնահատման ժամանակակից եղանակ, կնպաստի գիտության եւ տեխնիկայի միջազգային մակարդակին համապատասխան, նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը եւ, վերջնական արդյունքում, գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

 

Կոմիտեն մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվելու են մի շարք նոր հասկացություններ, ինչպիսիք են՝ հետազոտական համալսարան, ազգային գիտական լաբորատորիա, գիտական դրամաշնորհ, ֆինանսավորման ձեւերը համապատասխանեցվելու են գիտության եւ տեխնիկայի զարգացման արդի չափանիշներին, ինչպես նաեւ հստակեցվելու է լիազոր մարմնի իրավասությունների շրջանակը:

Մշակվել է նաեւ «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրին եւ դրա իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Ս. Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ ավարտին է մոտենում ՔԵՆԴԼ նախագծի առաջին փուլը՝ AREAL-ը, որը շահագործման կհանձնվի մայիս ամսին: AREAL-ի իրականացման ընթացքում կփորձարկվեն ՔԵՆԴԼ սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիմքում ընկած համակարգերը: AREAL նախագիծն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակ­ցությամբ, որոնք փորձագիտական աջակցությունից բացի պատրաստ են ինստիտուտին անհատույց տրամադրել ժամանակակից սարքավորումներ:

 

Անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի հեռանկարային ծրագրերին՝ Ս. Հարությունյանը նշեց, որ նախատեսվում են պայմանագրեր ՌԴ «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի, Չինաստանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ: Միջազգային համագործակցությունը նախատեսվում է զարգացնել գիտական արդյունքի առեւտրայնացման ծրագրերի աջակցության ուղղությամբ: Նաեւ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է մշակի ՀՀ-ում տեխնոլոգիական հետազոտական համալսարանի ստեղծման ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է սկսել 2014 թվականից:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին