ԳՊԿ նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին ու փորձագետներին, որոնք Երևան են ժամանել Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի շնորհանդեսին մասնակցելու նպատակով:
ԳՊԿ նախագահը շնորհակալություն հայտնեց հյուրերին արդյունավետ աշխատանքի համար և ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը շարունակելու և սերտացնելու պատրաստակամություն հայտնեց: Նա հյուրերին ընդհանուր գծերով ներկայացրեց գիտության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են գիտության ոլորտում երիտասարդների ներգրավմանը, արտերկրի հայերի գիտական ներուժի օգտագործմանը, մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացմանը և այլն:
Եվրոպացի մասնագետների հետ առավել մանրամասն քննարկումները կշարունակվեն նոյեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի գրասենյակում կայանալիք Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի շնորհանդեսին նվիրված նիստի ժամանակ:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին