Երևանում է Եվրոպական Միության հանձնաժողովի փորձագիտական խումբը
Մայիսի 20-22-ը ««Հորիզոն 2020» քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Եվրոպական հանձնաժողովի գիտության և նորարարությունների գլխավոր տնօրինության կողմից ձևավորված փորձագիտական խումբը՝ «Հատուկ աջակցություն Հայաստանին» նախագիծն իրականացնելու համար:
Այս նպատակով դեռևս 2018 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմել էր Եվրամիությանը` գիտության ոլորտին նվիրված փորձագիտական զեկույց և հատուկ երաշխավորություններ ներկայացնելու համար:
Մայիսի 20-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում ԵՄ փորձագետների և ֆիզիկայի ոլորտում գործող գիտահետազոտական կազմակերպությունների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկումների հիմնական թեմաներն էին գիտական պետական կազմակերպությունների գործունեության գնահատման մեխանիզմների մշակումը, գիտական կազմակերպությունների` ըստ արդյունավետության ֆինանսավորման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև` գիտության և կրթության ոլորտների միջև կապի ամրապնդմանն ուղղված քայլերը: Քննարկումից հետո փորձագետներն այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտ և այլ գիտական կազմակերպություններ` աշխատակիցների հետ հանդիպելու, առկա խնդիրները վերհանելու և լուծման ուղիներ առաջարկելու նպատակով:
Նմանատիպ հանդիպում տեղի կունենա նաև մայիսի 21-ին` կենսաբանության, ֆիզիոլոգիայի, քիմիայի և հարակից ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչների, այնուհետև` երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ:
Մայիսի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի կունենա վերջին աշխատանքային հանդիպումը ԵՄ փորձագետների հետ, այս անգամ` ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների գիտաշխատողների, ինչպես նաև կոմիտեի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված հետազոտողների մասնակցությամբ: