ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների համագործակցության խորհրդի նիստը

19.10.2015

Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկեցին ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակ­ցության խորհրդի (այսուհետ` Համագործակ­ցության խորհրդի) 4-րդ նստաշրջանի երկօրյա աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով կոորդինացիոն խորհրդի գիտական քարտուղար Ե. Լուկաշևը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով կոորդինացիոն խորհրդի նախագահի տեղակալ, Համագործակցության խորհրդի քարտուղար Մ. Ամիրխանովը և այլոք:

Պարոն Հարությունյանը ողջունեց խորհրդի անդամներին, շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելության և մեր երկրում ընդունված համագործակցության սկզբունքներն ու մոտեցումները ներկայացնելու հնարավորության համար: Կոմիտեի նախագահը հակիրճ ներկայացրեց Հայաստանում գիտության ոլորտում վարվող քաղաքականությունը և արված աշխատանքները: Հատուկ անդրադարձավ գիտական և գիտատեխնիկական  բնագավառում համագործակցության վերաբերյալ Հայաստանի ընդունած ռազմավարությանը: Պարոն Հարությունյանը նշեց, որ միջազգային համագործակցության հիմնական նպատակն է համագործակցող երկրների շրջանակներում ստեղծել ինքնակարգավորվող համակարգ` գիտություն-տեխնոլոգիաներ-ինովացիա կան ապահովելու նպատակով:

Քննարկվեցին Համագործակ­ցության խորհրդի 3-րդ նստաշրջանի արդյունքում ընդունված որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության գերակա ուղղությունների հաստատման վերաբերյալ առաջարկություններ, ԱՊՀ անդամ-պետությունների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության խթանմանն ուղղված հարցեր:

Հանդիպումների ընթացքում քննարկվեց  գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամի ստեղծման հարցը, հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագծի մշակման հարցը: Մասնակիցների կողմից կարևորվեց նշված  փաստաթղթի ընդունումը, քանի որ վերջինս կնպաստի համագործակցող պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի  զարգացմանն ու ընդլայնմանը, այդ տարածքում իրավական դաշտի ներդաշնակեցմանը, ինչպես նաև  հիմնարար ու կիրառական գիտությունների բնագավառում ԱՊՀ համագործակցության ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը: Կարևորվեց նաև ակտիվ համագործակցությունը գիտատեխնիկական և նորարարական միջպետական խորհրդի հետ:

Առաջարկվել է հանձնարարել աշխատանքային խմբերին ակտիվացնել կոնկրետ ուղղություններով հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների աշխատանքները:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին