Հաստատվել է հայ-ուկրաինական գիտական համագործակցության ծրագիր



Նոյեմբերի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախագահում էին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը եւ Ուկրաինայի գիտության, ինովացիայի եւ ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության նախագահի առաջին տեղակալ Բ. Վ. Գրինեւը: Նիստին մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Պ. Կուխտան, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեից եւ ուկրաինական գործակալությունից:
Նիստի հիմնական նպատակը Գիտության պետական կոմիտեի եւ Ուկրաինայի գիտության, ինովացիայի եւ ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության միջեւ գիտության եւ տեխնոլոգիայի բնագավառում 2013-2017 թթ. համագործակցության ծրագրի քննարկումն ու հաստատումն էր: Որոշվեցին համագործակցության առաջնահերթությունները, համատեղ գիտական միջոցառումների անցկացման եւ գիտնականների փոխանակման հնարավորությունը: Նիստի ժամանակ հաստատված ծրագրով այս տարեվերջին կհայտարարվի հայ-ուկրաինական համատեղ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման մրցույթ:
Նիստի ընթացքում կողմերը ծանոթացան երկու երկրների գիտատեխնիկական ոլորտում առկա իրավիճակին: Այդ նպատակով ուկրաինական պատվիրակության համար կազմակերպվեց այց «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, որտեղ շուտով կավարտվեն «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքները:
Ուկրաինական պատվիրակությունը հայկական կողմին հրավիրեց մասնակցելու Ուկրաինայի գիտության, ինովացիայի եւ ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության կողմից կազմակերվող «Գիտություն, ինովացիա, տեխնոլոգիաներ» ամենամյա միջազգային գիտատեխնոլոգիական ֆորումին: Հանձնաժողովի երկրորդ նիստը տեղի կունենա 2015 թ.-ին, Ուկրաինայում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին