ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը» միջազգային գիտաժողովը

25.10.2013

Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի կազմակերպած «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:

 

Գիտաժողովի բացմանը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի անունից ներկաներին ողջունեց գիտական քաղաքականության վարչության պետ Վարդան Սահակյանը: Իր խոսքում նա կարեւորեց նման միջազգային գիտաժողովների կազմակերպումը՝ նշելով, որ հայ գիտնականների միջազգային գիտակրթական տարածք ինտեգրումը Գիտության պետական կոմիտեի վարած քաղաքականության կարեւորագույն բաղկացուցիչն է: «Շատ կարեւոր է, որ գիտաժողովը անցկացվում է Երեւանի պետական համալսարանում, քանի որ մեր ժամանակներում բարձրագույն կրթության խնդիրը ոչ միայն կադրեր պատրաստելը, գիտելիք եւ տեխնոլոգիաներ փոխանցելն է, այլեւ, առաջին հերթին, ստեղծագործ մտածողությամբ օժտված ու, միեւնույն ժամանակ, բարձր մասնագիտական որակավորումներ ունեցող մասնագետներ տալը: Այս առումով ժամանակակից կրթական համակարգում մեծ է հոգեբանական մեթոդների օգտագործման նշանակությունը»,_նշեց նա:

 

Արդեն 4-րդ անգամ անցկացվող գիտաժողովին մասնակցում են  ոլորտի անվանի գիտնականներ՝ 12 երկրներից: Հայաստանյան  մասնագետների հետ նրանք 3 օր շարունակ կքննարկեն բնագավառում առկա խնդիրներ: Քննարկվող թեմաների շրջանակն այս  տարի աննախադեպ լայն է, ընդգրկում է հոգեբանության տեսական, կիրառական եւ փորձարարական  հիմնահարցեր:

 

Գիտաժողովի ծրագրով նախատեսված են երիտասարդ հոգեբանների համար թեմատիկ կլոր սեղաններ, մասնագիտական սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին