ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

30.01.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Հունվարի 30-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում-քննարկում շահառու հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկայացրեց ապագա Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը առանձնահատուկ կարևորեց բուհական և գիտական համայնքերի ակտիվ մասնակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող քննարկումներին, քանի որ ծրագիրն առաջին հերթին ուղղված է հենց դասախոսների, ուսանողների և հետազոտողների համար լավագույն աշխատանքային և ուսումնական միջավայրի ապահովմանը:

««Ակադեմիական քաղաք»-ը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բուհական և գիտական աշխատանքների պայմանները: Այսօր արդեն Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման փուլում ենք և զուգահեռաբար փորձում ենք դրան համադրել բովանդակային աշխատանքների շղթան»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ոլորտում որակական փոփոխությունների կարիքն այսօր հրամայական է, և դրանք պետք է իրականացվեն պլանավորված, գիտակցված և համատեղ ջանքերով․ «Աշխատանքը մեզնից պահանջելու է համբերատարություն, բայց արդյունքը, որը ստանալու ենք, արժե այն ջանքերին և չարչարանքին, որոնք ներդրվում են»:

Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հավելեց, որ Ակադեմիական քաղաք ծրագրին նվիրված բովանդակային քննարկումները շարունակական են լինելու՝ նաև հատուկ այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբերի ձևաչափով, սակայն ծրագրի շահառուների ընդլայնված շրջանակի հետ այս առաջին հանդիպումը հատկանշական է նրանով, որ վերաբերում է հենց գլխավոր հատակագծի կոնցեպտուալ մշակումների քննարկմանը, ինչը կօգնի ներկաներին ավելի լավ պատկերացում կազմել կառուցվելիք քաղաքի մասին և ավելի առարկայական հարցեր առաջադրել։ Հայոցյանի խոսքով՝ նախագծի ճարտարապետական բաղադրիչին զուգահեռ, աշխատանքներ են տարվում նաև հողային իրավունքի հետ կապված հարցերի կարգավորման, Ակադեմիական քաղաքի գործընկեր հանդիսացող միջազգային առաջատար բուհերի ու կազմակերպությունների հետ հուշագրերի կնքման, բովանդակության մշակման, կառավարչական մոդելի մշակման և բուհերի խոշորացման հայեցակարգի ուղղությամբ։

Հաջորդիվ, ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկայացրել է հատակագծի նախնական տարբերակի մշակման գործընթացի մանրամասները՝ անդրադարձ կատարելով տեղադիրքի ընտրության նպատակահարմարությանը, շահառուների կարիքները վերհանելուն ուղղված հանդիպումների արդյունքներին, հայաստանյան պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի և գերմանական համանման ծրագրերին ծանոթացման հարցին։

«Ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ոչ միայն իր ճարտարապետական բաղադրիչով, այլև էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա»,- նշեց Թոբիաս Քեյլը՝ հավելելով, որ Գերմանիայի բուհերն ու գիտահետազոտական կազմակերպություններն արդեն իսկ անցել են նմանատիպ գործընթացի միջով՝ քաղաքներում ընդլայնվելու անհնարինության պատճառով տեղափոխվելով լավագույն ինստիտուտները արվարձաններ։ Քեյլի խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի օգտվելու գերմանական լավագույն փորձից՝ միաժամանակ խուսափելով այդ գործընթացին բնորոշ սխալներից։

Այնուհետև, Թոբիաս Քեյլը անդրադարձավ ճարտարապետական թիմի այն բոլոր աշխատանքներին, որոնք ձեռնարկվել են ապահովելու համար տեղադիրքի և նրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործումը, կառուցվելիք հիմնական մասնաշենքի, կլաստերների, մարզադաշտի, համերգասրահի, կանաչ ու հանգստյան գոտիների, բնակելի հատվածի տեղակայման հարմարավետությունը, ինչպես նաև ստարտափ ձեռնարկությունների տեղակայման հնարավորությունները։

Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում Քեյլը նշեց քաղաքի բնակիչների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։

Անդրադառնալով ծրագրի շարունակականությանը՝ Թոբիաս Քեյլը ասաց, որ ընկերության նպատակներից է «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը օրինակելի դարձնել ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մակարդակով։

Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան հղելու իրենց հուզող հարցերը և ստանալու պարզաբանումներ։ Հարցերը վերաբերում էին որոշ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների կողմից իրենց առօրյա գործունեությանը անհրաժեշտ հատուկ պայմանների ապահովմանը, տարաբովանդակ կլաստերների և սպորտային ու մշակութային համալիրների մեկտեղմանը, տեղադիրքի ընտրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատմանը, ծրագրի իրականացման արժեքին, ժամկետներին, բնակիչ-շահառուների նախատեսվող թվին և հիմնական մարտահրավերներին։