Փոփոխություններ՝ գիտնականների ատեստավորման կարգում և գիտական ու ճարտարագիտական պաշտոնների գնահատման նվազագույն չափանիշներում
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել գիտնականների ատեստավորման կարգում և գիտական ու ճարտարագիտական պաշտոնների գնահատման նվազագույն չափանիշներում:
Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներկայացվող նախագծով փոփոխություններ և լրացումներ են կատարվում գիտական կադրերի ատեստավորման կարգում, որը Կառավարությունը հաստատել էր 2023 թվականի տարեվերջին։
«Այս փոփոխության նպատակն է կարգով սահմանված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցումը, որպեսզի ատեստավորման ժամանակ, որը նախատեսված է իրականացնել 2026թ. ավարտին, առավելագույնս խուսափենք տարընթերցումներից և որոշակի ոչ միանշանակ գործողություններից»,- ասաց նախարարը:
Վերլուծությունները ցույց են տվել, որ 2023թ. ընդունված կարգում կան դրույթներ, որոնք երկակի մեկնաբանությունների տեղ են թողնում, ինչպես նաև ստեղծում են հնարավորություն խուսափելու գիտական արդյունքի հնարավորինս ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նախագիծը նպատակ ունի հստակեցնել
- միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները,
- համարժեքությունների համակարգը, ըստ որի՝ գիտական հոդվածները ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր,
- աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները:
Նախագծով նաև սահմանվում է, որ մինչև 2027թ. ընկած ժամանակահատվածի ընթացքում հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով գիտական կադրերի ատեստավորումը կիրականացվի քանակական ցածր չափանիշներով՝ 5 տարվա պահանջների 2 հինգերոդի չափով՝ հաշվի առնելով այս հետազոտության բնագավառի յուրահատկությունը, ինչպես նաև մինչև առաջիկա ատեստավորման ժամկետը մնացած ժամանակահատվածը:
Նախարարն ընդգծեց, որ այս գործընթացը գիտության ոլորտում կառավարության բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության շարունակությունն է՝ մասնավորապես նշելով, որ այդ քաղաքականության արդյունքում 2025թ. հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման կարգի և սահմանված գործակիցների: Գիտնականների փաստացի աշխատավարձերը 2021թ` բարեփոխումների մեկնարկի ժամանակահատվածի համեմատությամբ առնվազն կրկնապատկվել են, իսկ որոշ պաշտոնների դեպքում նույնիսկ եռապատկվել են:
Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում հայտնեց, որ 2026թ. գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում՝ նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաև գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:
Նա ընդգծեց նաև, որ 2023թ. արդյունքներով Հայաստանի գիտնականների հրապարակումները տարեցտարի ավելանում են. «Մենք գրանցել ենք պատմականորեն ամենամեծ ծավալով գիտական հրապարակումները միջազգային հեղինակավոր պարբերականներում, և կարևոր է, որ աճը տեղի է ունենում նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում վարվող համալիր քաղաքականության շնորհիվ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով նախագծին, ներկայացրեց գիտական համակարգի աշխատողների աշխատավարձերի դինամիկան 2021-2025 թվականների համար.
- լաբորանտ ճարտարագետ - 2021թ.՝ 67 300 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 138 300 դրամ, աճը՝ 105 %,
- ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ - 2021թ.՝ 76 000 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 179 000 դրամ, աճը՝ 135 %,
- կրտսեր գիտաշխատող - 2021թ.՝ 85 800 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 210 000 դրամ, աճը՝ 145 %,
- գիտաշխատող - 2021թ.՝ 90 400 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 276 000 դրամ, աճը՝ 205 %,
- ավագ գիտաշխատող - 2021թ.՝ 99 000 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 343 000 դրամ, աճը՝ 246 %,
- առաջատար գիտաշխատող - 2021թ.՝ 114 300 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 443 800 դրամ, աճը՝ 288 %,
- գլխավոր գիտաշխատող - 2021թ.՝ 138 100 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 552 900 դրամ, աճը՝ 300 %,
- գիտական խմբի ղեկավար - 2021թ.՝ 129 100 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 410 000 դրամ, աճը՝ 217 %,
- գիտական ստորաբաժանման ղեկավար - 2021թ.՝ 141 400 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 477 200 դրամ, աճը՝ 238 %։
Վարչապետն այս համատեքստում ընդգծեց, որ, չնայած 2021թ. քննարկումներ են եղել ավելի բարձր շեմեր սահմանելու շուրջ, սակայն ատեստավորման գործընթացում խիստ շեմեր չեն դրվել, սակայն 2026-ին մեկնարկող փուլում գործընթացն ավելի որակյալ կլինի:
Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ 2001-ին ընդունված ատեստավորման չափորոշիչների հիման վրա իրականացված ատեստավորման արդյունքում էլ գիտնականների շուրջ 18 % ավելի ցածր տարակարգի է անցել:
Անդրադառնալով գիտաշխատողների աշխատավարձերի աճին՝ Անդրեասյանն ըդնգծեց, որ սա գիտնականների ամբողջ վարձատրությունը չէ՝ նշելով, որ միայն պետության ֆինանսավորմամբ ներդրվել է 22 տարբեր դրամաշնորհային ծրագիր. «Այս բազային աշխատավարձերին մեր բոլոր արդյունավետ աշխատող գիտնականները ավելացնում են առնվազն այդքանը»: