ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կառավարությունը հաստատել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման վերաբերյալ նախագիծը

30.03.2023

Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտների որակական զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակում իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Կառավարությունը 2018 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է 21,74 մլրդ դրամով՝ այն դարձնելով 36 մլրդ դրամ, որը 2.5 անգամ ավելի է 2018 թվականին տրամադրված ֆինանսավորումից: Գիտության ոլորտում մեկնարկել է գիտաշխատողների ատեստավորման և վարձատրության բարձրացման ծրագիրը, որի արդյունքում, օրինակ, ամենամեծ թվով գիտնականներ ընդգրկող տարակարգի՝ գիտական աշխատողների բազային աշխատավարձը նախկինում միջինը 90 հազար դրամի փոխարեն 2022-ին կազմել է 150 հազար դրամ, 2023-ին՝ 250 հազար, 2025 թվականին արդեն փուլային աճման սկզբունքով կկազմի 276 հազար դրամ: Առաջատար գիտաշխատողների պարագայում, օրինակ, արդեն 2022 թվականից ունեինք ավելի քան կրկնապատկված աշխատավարձ՝ 114 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ: 2023-ին առաջատար գիտաշխատողների աշխատավարձը 350 հազար դրամ է, իսկ 2025-ին կլինի 443 հազար դրամ»:

Նախարարի խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում գիտական ենթակառուցվածքների և սարքավորումների ձեռքբերման, գիտության ոլորտում սերնդափոխության, արտերկրից հեղինակավոր գիտնականների ներգրավման ուղղությամբ՝ թիրախային դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք արդեն ունեն տեսանելի արդյունքներ: Օրինակ՝ նախորդ տարվա ծրագրերի առնվազն շուրջ 73 տոկոսում ընդգրկված են մինչև 35 տարեկան գիտնականներ:

«Միաժամանակ, Կառավարությունը նպատակադրվել է ինտեգրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները՝ ունենալով մեկ միասնական համակարգ, որտեղ բուհերն ունեն ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ՝ իրենց կազմում ներառելով և սերտ աշխատելով գիտահետազոտական կառույցների հետ: Այս ամենը պետք է նպաստի կրթության ռազմավարությամբ սահմանված միջազգային վարկանիշավորման համակարգերի լավագույն 500-ի մեջ առնվազն 4 բուհ ունենալու թիրախի իրացմանը, մրցունակ և որակյալ բարձրագույն կրթության և գիտության համակարգ ունենալուն»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ որպեսզի նշված ուղղություններով աշխատանքները լինեն առավել նպատակաուղղված և արդյունավետ, կազմվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որով նախատեսվում է լավարկել ու հստակեցնել գիտության ոլորտում ռազմավարության հաստատման, ֆինանսավորման նոր մեխանիզմների, գիտական կազմակերպությունների գործունեության վերջնարդյունքի և հստակ կատարողական ցուցանիշների հաստատման, գիտաշխատողների ատեստավորման նոր կարգի, գիտության ոլորտում տվյալների հավաքագրման և տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները, ինչպես նաև ձևավորել բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիման վրա: Այն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահվելու գիտության և բարձրագույն կրթության համագործակցությանն ու ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Մանրամասները՝  ԿԳՄՍՆ կայքից 

և տեսանյութից