Առաջարկվում է հաստատել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման նոր կարգերը. նախագիծ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Առաջարկվում է, համաձայն համապատասխան հավելվածների, հաստատել՝
- գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը,
- գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը,
- գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը՝
նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:
Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2001թ․ նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121-Լ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021թ․ օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» և «Գիտության ոլորտը կարգավորող իրավակա դաշտի կատարելագործում» նպատակներից:
Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում:
Նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող:
Նոր ֆինանսավորման կարգերում ներառված կլինեն կազմակերպությունների ֆինանսավորման կատարողականի վրա հիմնված մեխանիզմները, ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և բոնուսային կամ տույժային մեխանիզմները, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ՝ hesc.am-ում կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, կամ ուղարկել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):